Վաշինգտոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համաձայնության է եկել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

Վաշինգտոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համաձայնության է եկել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը կիրակի օրը հայտարարել են, որ Չինաստանի հետ համաձայնության են հասել ԱՄՆ առևտրային դեֆիցիտի կրճատման շուրջ՝ նկարագրելով «էական առաջընթաց» չինացի պաշտոնյաների հետ բանակցություններում, սակայն Ժնևում երկօրյա բանակցությունների ավարտից հետո որևէ մանրամասն չեն հաղորդել, հայտնում է Reuters-ը։

Բեսենթը լրագրողներին հայտնել է, որ մանրամասները կհայտարարվեն երկուշաբթի օրը, և որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին տեղյակ է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի և Չինաստանի արտաքին գործերի երկու փոխնախարարների հետ «արդյունավետ բանակցությունների» արդյունքներին։

Իր հերթին Գրիրը ժնևյան հանդիպումների արդյունքները բնութագրել է որպես «գործարք, որը մենք կնքել ենք մեր չինացի գործընկերների հետ», որը կօգնի կրճատել ապրանքների համաշխարհային առևտրի 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի դեֆիցիտը։ 

«Եվ, ինչպես նշեց պետքարտուղարը, սրանք շատ կառուցողական երկու օր էին,- ասել է Գրիրը։- Կարևոր է հասկանալ, թե որքան արագ մենք կարողացանք համաձայնության գալ, ինչը վկայում է այն մասին, որ, հնարավոր է, տարաձայնություններն այնքան էլ մեծ չէին, որքան կարելի էր մտածել»։

Նա փոխվարչապետ Հեին, առևտրի փոխնախարար Լի Չենգանին և ֆինանսների փոխնախարար Լյաո Մինին անվանել է «կոշտ բանակցողներ»։

Գրիրն ասել է, որ շաբաթ և կիրակի օրերին կայացած ժնևյան հանդիպումներից առաջ մեծ նախապատրաստական աշխատանք է տարվել, և որ արդյունքը կլինի ԱՄՆ աճող առևտրային դեֆիցիտի կապակցությամբ երկրում Թրամփի  հայտարարած արտակարգ դրության խնդրի լուծումը։

«Մենք վստահ ենք, որ գործարքը, որը մենք կնքել ենք մեր չինացի գործընկերների հետ, կօգնի մեզ աշխատել երկրեում այս արտակարգ իրավիճակի լուծման ուղղությամբ»,- ասել է Գրիրը։

Հանդիպումն առաջին անձնական շփումն էր ԱՄՆ և Չինաստանի բարձրաստիճան տնտեսական պաշտոնյաների միջև այն պահից, երբ Թրամփը ստանձնեց պաշտոնը և սկսեց գլոբալ մաքսային արշավ, որը մեկնարկեց ԱՄՆ-ում ֆենտանիլի ճգնաժամի պատճառով երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարին չինական ապրանքների վրա 20%-անոց նոր մաքսատուրքեր սահմանելով։

Ապրիլին Թրամփը «պատասխան» 34%-անոց մաքսատուրք է սահմանել չինական ներմուծման վրա, իսկ հետագա փուլերը բարձրացրել են դրույքաչափերը մինչև եռանիշ թվեր, ինչի հետևանքով երկկողմ առևտուրը կանգ է առել գրեթե 600 միլիարդ դոլարի վրա։ Չինաստանը պնդում էր ցանկացած բանակցություններում մաքսատուրքերի նվազեցում։

Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ չինական ապրանքների վրա 80%-անոց մաքսատուրքը «ճիշտ է թվում»՝ առաջին անգամ առաջարկելով նվազեցման կոնկրետ նպատակ։