Հայկական «խելացի» արկերը ներկայացվեցին Աթենքի ցուցահանդեսում

Հայկական արտադրության ինքնակառավարվող արկերը ներկայացվեցին DEFEA 2025 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որն օրերս կայացավ Աթենքում, հայտնում է Army Recognition կայքը։ Այդ արկերը կարող են կիրառվել տարբեր տեսակի ԱԹՍ-ների վրա։
"Լոկատոր" ընկերության մշակած այս զինատեսակը գործում է «կրակիր ու մոռացիր սկզբունքով»։ Դրա մեջ ներկառուցված են պրոցեսորներ, օպտիկական սենսորներ և ծրագրային ապահովում՝ ինքնուրույն նշանառության համար, այդ թվում՝ շարժական թիրախների վրա։
Արկերն ունեն երկու տեսախցիկ․ մեկը՝ ընդհանուր տեսահսկման, մյուսը՝ թիրախը դիտակետի մեջ պահելու համար։ Այդ երկու տեսախցիկները գործում են՝ ավտոմատ փոխլրացնելով իրար։
Արկի գործողության շառավիղը, համեմատած նախորդ մոդելների հետ, ավելացվել է 2,000-ից 3,000 մետր։
Այսքանով հանդերձ, զինատեսակը բավականին թեթև է․ 2.5 կգ՝ առանց մարտագլխիկի և 3.5 - 5 կգ՝ մարտագլխիկով՝ կախված վերջինիս տեսակից։ Փոքր քաշն ու չափսերը նաև ենթադրում են, որ արկը կարող է տեղադրվել համեմատաբար փոքր անօդաչուների վրա։
Հայաստանի նման երկրի համար, որը չունի պաշտպանական մեծ բյուջե, այսպիսի սպառազինությունները չափազանց կարևոր են՝ ռազմատեխնիկական անկախությունն ամրապնդելու համար, նշում է կայքը։ Փոքր չափսերի և ինքնավար զինատեսակները նոր հակամարտություններում արդիական են, իսկ Հայաստանի մուտքը նման տեխնոլոգիաների շուկա հեռանկարային է, գրում է Army Recognition-ը։