LILA ծրագիրը՝ զբոսաշրջության և բնապահպանության համար

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը ֆինանսավորում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացնում է տնտեսական բաղադրիչը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը՝ բնապահպանական բաղադրիչը։ LILA ծրագրի իրականացման համար հատկացվել է ընդհանուր 2,5 մլն շեյցարական ֆրանկ, որից ավելի քան 1 մլն շվեյցարական ֆրանկը տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում ուղղվել է զբոսաշրջության և հյուրընկալության, ինչպես նաև գյուղմթերքի մատակարարման և վայրի հատապտուղների, բույսերի հավաքչության արժեշղթաների զարգացմանը։ LILA ծրագիրը գործում է Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։
Ծրագիրը ներկայացնելու համար կազմակերպվել էր մեդիա տուր դեպի Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ տեղում ծանոթանալու արդյունքներին։
Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ, LILA ծրագրի համակարգող Նաիրա Երիցյանը ներկայացրեց, որ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ավարտվում է նախատեսվածից շուտ՝ արդեն այս տարի։
Ըստ նրա, տնտեսական բաղադրիչով գերակա ուղղություն ընտրվել է զբոսաշրջությունը, սննդի մատակարարում և այլն։ Հիմնական թիրախը զարգացած համայնքներ են, եթե կա եկամտի կողմնակի աղբյուր, ապա կկրճատվի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Բնապահպանական բաղադրիչի շրջանակներում տեղադրվել են արևային կայաններ, տրամադրվել են սարքավորումներ, արոտներում տեղադրվել են ջրխմոցներ, կարգավորվել են դեպի արոտ տանող ճանապարհները, բացի դրանից, դասընթացներ են իրականացվել։
Ծրագիրը կլիմայական փոփոխության մեղմումը և հարմարվողականության հարցերը ևս չի շրջանցել․ արևային կայանների տեղադրման արդյունքում էլէներգիա քիչ է օգտագործվում, որն էլ հանգեցնում է արտանետումների կրճատմանը։ Իսկ դա ծրագրի գլխավոր թիրախներից է։
Ինչ վերաբերում է արոտներին, ապա վերջին տարիներին, ըստ Ն․ Երիցյանի, նկատվում էր անհամաչափ արածեցում և արոտների վիճակի վատթարացում։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է արոտամիջյան ճանապարհների վերանորոգում, թեթևացրել է անասնապահների կյանքը՝ կաթի վերամշակումը, արածեցումը դարձել է ավելի դյուրին։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի LILA ծրագրի տուրիզմի գծով պատասխանատու Լիլյա Թորոսյաննն իր հերթին նշեց, որ տնտեսական բաղադրիչով աջակցել են ընտրված համայնքներում գյուղացիական տնտեսությունների բարելավմանը, զբոսաշրջության զարգացմանը, աղքատության վերացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, տուրպրոդուկտների ստեղծմանը, կարողությունների զարգացմանը և այլն։
Հիմնական աջակցությունն, ըստ Լիլյա Թորոսյանի՝ ուղղվել է 20 բիզնեսների աջակցմանը՝ հյուրատներ, համտեսի սրահներ, հյուրանոցային բիզնես, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի 10 մատակարարների։ Աջակցությունը հնարավորություն է ընձեռում, որ արդեն կայացած բիզնեսն էլ ավելի զարգանա, ստեղծվեն նոր պրոդուկտեր, հետևաբար՝ նոր աշխատատեղեր, ինչն էլ կաշխուժացնի տնտեսական կյանքը։
Բացի այդ, զբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար կապ է ստեղծվել տուրօպերատորների հետ, որոնք էլ նոր պրոդուկտները ներառում են տուրփաթեթներում և ներկայացնում նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում։
Որպես զբոսաշրջային պրոդուկտի աջակցման օրինակ ներկայացրեց Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի Արտչիզ համտեսի սրահը։ Սրահի ղեկավար, Ելփին գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Արթուր Նազարյանը պատմեց, որ համտեսի սրահը կառուցվել է LILA ծրագրի շրջանակում։ Ըստ նրա՝ բացի արտադրության ծավալների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, կաթի մթերման և պանրատեսակների ավելացումը, նաև զբոսաշրջային հոսքերի աճ է արձանագրվել։
–Ունեինք 4-5 մթերման կետ, 7-8 է դարձել և ամեն օր մթերում ենք 2-3 տոննա կաթ,– ասաց նա և հավելեց, որ արդեն գնումը կատարում են և ոչ միայն Վայոց ձորի մարզից և վերջին տարիներին կրճատվել է Ելփին գյուղի անասնագլխաքանակը՝ թե մանրը, թե խոշորը։
Փոխանցեց, որ այժմ արտադրում են 12 տեսակի պանիր, ամեն տարի փորձում են նոր պրոդուկտ ստեղծել, արտադրության ծավալներն ավելացնել՝ գրավելով զբոսաշրջիկներին
Ստացված եկամտից ըստ նրա, օգտվում են նաև գյուղի բնակիչները՝ համտեսի սրահում ներկայացնելով իրենց արտադրած չրերը, թեյերը և այլն։ Պանիրն արտահանվում է, նաև մատակարվում գինետներին, ռեստորաններին և այլն։
LILA ծրագրի շրջանակներում աջակցություն է տրվել նաև Սյունիքի մարզի Շաղատ համայնքի Շաղատ կոոպերատիվին, որի նախագահ Տիգրան Ասատրյանը նախ ներկայացրեց կտավատի ձեթի ստացման եղանակը՝ սառը ճզմում նոր սարքավորումներով։
Տ․ Ասատրյանը փոխանցեց նաև, որ ծրագրի աջակցությամբ ձեռք է բերվել նաև արևային չորանոց, վայրի հավաք է իրականացվում՝ խոտաբույսեր, ավելուկ, դաղձ, ուրց, նանա, որը նաև փաթեթավորվում է և ներկայացվում փառատոներում։
Կտավատի ձեթն իրացվում է հայաստանյան իրացման կետերում, ներկա պահին չորս հեկտար կտավատի ցանքս է կատարվել։ Կտավատը Շաղատին բնորոշ է միշտ եղել և մինչև իննսունականները ցանվել է։ Ի դեպ, այժմ մարզում միակ վայրը Շաղատն է, որտեղ կտավատ է մշակվում։
Եղեգիս համայնքի ղեկավարրի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը էլ նշեց, որ LILA ծրագրի շրջանակներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր, տեղադրվել է արևային ֆոտովոլտակայն 40 կվ հզորությամբ կայան, ջրխմոցներ, արևային շարժական կայաններ, որը միտված է մեղմելու մարդ–արջ բախումը, որը սուր է Վայոց ձորի մարզում։
Հերմոն և Շատին բնակավայրերի տարածքներում տեղադրվել են խմոցներ, որից նաև վայրի կենդանիներն են օգտվում։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի բաղադրիչով աջակցություն է տրվել Եղեգնաձորի Վերնաշեն բնակավայրում Փունջ պահածոների գործարանին, Կրիա գինիների համտեսի սրահին, Օլդբրիջ գինիների համտեսի սրահին, Արտչիզ պանրի համտեսի սրահին, Շերամ ազգային խոհանոցի կառուցմանը, Սյունիքի մարզի Շաղատի գյուղատնտեսական կոոպերատիվին, Արփա բնապահպանական լանդշաֆտին և այլն։