Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։
Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։
«Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայում շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինվոր զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում»,- ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։