ՀՀ ԲՏԱ նախարարը ԵՄ դեսպանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաքում»: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Դեսպանին է ներկայացվել «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախաձեռնության տեսլականը:
Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաքում» նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ:
«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կառավարության՝ ի դեմս ԲՏԱ նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։
«Ինժեներական քաղաքում» այս պահին ներգրավված են 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական կազմակերպություն, 350 աշխատակից՝ հիմնականում փորձառու ինժեներներ: