ՀՀ-ն հայտ է ներկայացրել Տաթևի վանքն ու Որոտանի կիրճն ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկելու համար

ՀՀ-ն հայտ է ներկայացրել Տաթևի վանքն ու Որոտանի կիրճն ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկելու համար
Հայաստանը Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Այս մասին հայտարարվել է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում անցկացված ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների համալիր կառավարմանը նվիրված գիտագործնական համաժողովի շրջանակներում:
Ինչպես նշել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ICOMOS-ի անդամ և «ՌԵ-դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար Նարինե Տյուտչևան, խոսքը ոչ միայն պատմական ժառանգության, այլ ազգային ինքնության պահպանման մասին է։
Նախագիծը մշակվել է «ՌԵ-դպրոց» միջառարկայական գիտակրթական նախագծի շրջանակներում՝ «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային և պատմական ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի աջակցությամբ։
Նախնական անվանակարգային դոսյեի համաձայն՝ օբյեկտի տարածքը կազմում է 7 490 հա, բուֆերային գոտին՝ ավելի քան 20 հազար հա։ Սա բազմազան տարածք է, որտեղ ճարտարապետությունը, հնագիտությունը, բնությունը և մշակութային հիշողությունը մեկ ամբողջություն են կազմում։
Անվանակարգային դոսյեն ներառում է միջնադարյան հայկական ճարտարապետության նմուշ` 9-րդ դարի Տաթևի վանքը, վանական կացարանները, մատուռները, հին եկեղեցիները և գերեզմանատները, Որոտանի կիրճը՝ կենսաբազմազանությամբ և մարդկային գործունեության հետքերով՝ նեոլիթից մինչև 19-րդ դար։
Նախատեսվում է ներառել նաև հնագիտական ​հուշարձաններ, ճանապարհներ, կամուրջներ, ջրամատակարարման համակարգը և քարավանատները։
Տյուտչևան հիշեցրել է, որ Տաթևը և Որոտանի կիրճը ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում են 1995 թվականից։ Սակայն գիտնականների, ճարտարապետների, պետական և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերը թույլ կտան նոր դինամիկա հաղորդել գործընթացին։
Հայտի հաստատումը նոր հեռանկարներ կբացի միջազգային համագործակցության, Սյունիքի մարզի կայուն զբոսաշրջության և սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Աղբյուրը՝  arm.sputniknews.ru