Հ․ Սիմիդյանը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են Հայաստանի միանալը «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին»

Հ․ Սիմիդյանը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են Հայաստանի միանալը «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին»
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում  համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։
Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները, Կովկասյան ընձառյուծի պահպանության ոլորտում գրանցված հաջողությունները, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգի ներդրման ընթացքը։
Անդրադառնալով միջազգային ձևաչափերում համագործակցության կարևորությանը՝ Հակոբ Սիմիդյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ բարձր մակարդակով կազմակերպելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը 2026 թվականին կհյուրընկալվի Երևանում։ Քննարկվել են նաև Հնդկաստանի հնարավոր մասնակցությունն ու փորձի փոխանակման ձևաչափերը համաժողովի կազմակերպման համատեքստում։
Կարևոր թեմա է եղել նաև Հայաստանի միանալը Հնդկաստանի նախաձեռնությամբ ձևավորված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին»։ Կողմերը դիտարկել են այդ գործընթացի մասնագիտական կարևորությունը, հաշվի առնելով հատկապես Կովկասյան ընձառյուծի պահպանության հարցում Հայաստանի ձեռքբերումները և այն՝ որպես էկոհամակարգի առողջության ինդիկատոր տեսակ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների կայուն զարգացման, ջրային ռեսուրսների պահպանության, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակում փորձի փոխանակման հնարավորություններին։
Նախարարը վերահաստատել է Հայաստանի բաց և կառուցողական համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ փոխգործակցությունն այս ուղղություններով կարող է նպաստել ոչ միայն բնապահպանական օրակարգի առաջխաղացմանը, այլև՝ միջպետական կապերի խորացմանը։