Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային

Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 13-ին ընդունել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահ, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով դոկտոր Հագիվարային բարձր պարգևի արժանանալու համար, նշել է՝ մեծ պատիվ է ընդունել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում անգնահատելի ավանդ և ազդեցություն ունեցած մարդկանց, և, որ ՀՀ պետական մրցանակին արժանանալը ոչ միայն ՀՀ կառավարության, այլ նաև ամբողջ հայկական ինժեներական համայնքի գնահատանքի ու հարգանքի արտացոլումն է:

Դոկտոր Հագիվարան, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ՀՀ պետական բարձր մրցանակին արժանանալու համար, կիսվել է հաջողության հասնելու իր փորձով, գաղափարներով, պատրաստակամություն հայտնել իր ավանդն ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Հանդիպումից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Յոշիակի Հագիվարան իր մեծ ավանդն ունի սենսորների, թվային տեսախցիկի, «PS2» և «PS3 PlayStation» խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում:

Հագիվարան Ճապոնիայի «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահն է և զբաղվում է «SDGs» մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների (AI Robot Clean Energy) համակարգային լուծումների մշակմամբ։