armenpress.am․ Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի մոդելի ընտրությունն անել մինչև տարեվերջ

Հայաստանն անում է ամեն ինչ՝ մինչև այս տարեվերջ նոր կառուցվելիք ատոմակայանի մոդելի ընտրության հարցն ամբողջականացնելու համար: Ուսումնասիրում են առկա առաջարկները, Հայաստանը բաց է նաև նոր առաջարկների համար: Նոր ատոմակայանը, նախատեսվում է, որ կկառուցվի այս պահին գործող Մեծամորի ատոմակայանի տարածքում:
«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նաև նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերը, ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ից դուրս գալու ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սպասվող արդյունքները:
Ի՞նչ փուլում է «Հյուսիս–հարավ»–ի ծրագիրը, ե՞րբ կավարտվեն աշխատանքները
«Այս ընթացքում տարբեր հատվածներում տարբեր ծավալի աշխատանքներ են իրականացվել: 2025–ի համար, թերևս, մեկնարկում են ամենամեծ ծավալով աշխատանքները: Նկատի ունեմ առաջինը՝ թունելների հետ կապված աշխատանքները, որոնցից Քաջարանի թունելի հետ կապված մրցութային գործընթաց կա հայտարարված: Եվ Բարգուշատի թունելի հետ կապված առանձին բանակցություններ ենք վարում եվրոպական ընկերությունների հետ՝ նրանց շինարարական աշխատանքներում ներգրավելու հարցով»,–ասաց Խուդաթյանը:
Այն աշխատանքները, որոնք կմեկնարկեն այս տարվա ընթացքում, նախատեսվում է ավարտել 2033 թվականի տարեվերջին: Չնայած, նախարարի խոսքով, քննարկվում է նաև ավելի շուտ ավարտելու հնարավորությունը:
Խուդաթյանը վստահեցրեց՝ այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, նախատեսվում է այս տարվա ընթացքում շահագործման հանձնել դեպի Գյումրի գնացող հատվածը:
«Հիմնականում մեծ ծավալի աշխատանք է իրականացվում հարավային հատվածում: Իրանական կազմակերպության հետ համատեղ թունելաշինության ծրագիր ենք իրականացնում: Նաև ճանապարհներ, կամուրջներ են կառուցվում: Այս հատվածում արդեն մեկնարկել են 820 մետր երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները, որի փորման մասը գրեթե ավարտական փուլում է: Դրան զուգահեռ կամուրջների, ճանապարհային այլ ենթակառուցվածքների վրա են աշխատանքներ իրականացվում: Մեր տպավորությամբ տեմպը բավականին լավն է: Եվ այդ հատվածում որոշակի հատվածներ կկարողանանք շահագործման հանձնել նաև ժամկետից շուտ»,–ասաց Խուդաթյանը:
Նախարարը ողջ ծրագրի ավարտի ժամկետ չնախանշեց: Կան հատվածներ, որտեղ դեռևս նախագծման աշխատանքներ են իրականացվում: Եվ կախված նախագծերի բնույթից և ծավալից՝ որոշակի ժամկետի փոփոխություններ կարող են լինել:
Եր՞բ կկառուցվի նոր ատոմակայանը, ո՞ր մոդելին կտրվի նախապատվություն
Նախորդ տարեվերջին կառավարության որոշմամբ հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերություն, որն ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված խորհրդատվական ծառայություն պետք է մատուցի կառավարությանը:
Այս պահին ՓԲԸ–ում կադրային համալրման աշխատանքներ են իրականացվում:
«Առաջիկայում բազմաթիվ կադրեր համալրած կլինենք, որոնք ինտենսիվորեն կզբաղվեն մոդելի ընտրության հետ կապված Կառավարությանը խորհրդատվական կարծիք տալով»,–ասաց նախարարը:
Նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր երկրների կողմից արված առաջարկներ:
Նախարարի խոսքով՝ դիտարկվող առաջարկները բազմաթիվ են, վերջնական որոշում դեռ չկա: «Մենք ընտրելու ենք այնպիսի մոդել, որը տնտեսապես ձեռնտու լինի Հայաստանին և երկրորդ՝ կարողանա աշխատել մեր գործող էներգահամակարգի պայմաններում»,–ասաց Խուդաթյանը:
Նախարարը նշեց՝ ուսումնասիրում են տարբեր առաջարկներ, բայց բաց են նաև նոր առաջարկների համար:
Թե որտեղ կկառուցվի նոր ատոմակայանը, այդ հարցով վերջնական քննարկումների փուլում են: Սակայն, Խուդաթյանի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ պետք է լինի այն տեղում, որտեղ գործող ատոմակայանն է: Այնտեղ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ կան, որոնք կօգտագործվեն նոր ատոմակայանի աշխատանքի պարագայում:
Նախարարը նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեկնարկի ժամկետ չնշեց, սակայն ընդգծեց. «Ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ մոդելի ընտրության հարցը ամբողջականացրած լինենք: Դրանից հետո արդեն գործընկերները մեզ առաջարկ կանեն, թե ինչ տևողությամբ են լինելու շինարարական աշխատանքները: Մեր անելիքը հետևյալն է՝ այս ամբողջ ընթացքում կարողանալ պահել ՀԱԷԿ–ի հիմնական բլոկների աշխատանքը, որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չլինեն, ինչը մենք այս պահին հաջողությամբ անում ենք»:
Զուգահեռ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման մասով:
«2026–ին, այսպես ասած, քննություն ունենք այս մասով: Եվ դրան նախորդող գործողությունների պլան ունենք, որի կատարման ընթացքում ենք հիմա: Այդ ծրագրերն իրականացվում են, որոշների մասով ժամկետի որոշակի խնդիրներ կան: Սակայն վստահ ենք, որ դրանք չեն խոչընդոտելու 2026–ին ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու մասով»,–ասաց Խուդաթյանը՝ հիշեցնելով, որ խնդիր է դրված մինչև 2036 թվականն ատոմակայանը շահագործել:
Նախարարության բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերին ուղղվող գումարները
«Նախարարության բյուջեն բավականին մեծ է՝ շուրջ 290 մլրդ դրամ: Պետք է այս առումով շնորհակալություն հայտնեմ պարտաճանաչ հարկ վճարող քաղաքացիներին, որովհետև իրենց գեներացրած հարկերի միջոցով է հնարավոր իրականացնել այն աշխատանքները, որոնք ՏԿԵՆ–ը և գործընկեր այլ կառույցներ իրականացնում են»,–ասաց Խուդաթյանը:
Նախարարության բյուջեից շուրջ 90 մլրդ դրամ ուղղվել է համայնքների դոտացիաներին: Համայնքներում դոտացիաների ծավալն էականորեն մեծացել է, ինչը հնարավորություն է տալիս համայնքներին այդ միջոցներն ուղղել սուբվենցիոն այլ ծրագրեր իրականացնելուն:
Նախարարի խոսքով՝ շուրջ 106 մլրդ դրամ ուղղվել է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը: Յուրաքանչյուր տարի պարտավորություն ունեն հիմնանորոգել, նորոգել և կառուցել 500 կմ և ավելի ճանապարհ: Ընդհանուր առմամբ կառավարության համաֆինանսավորումը 2024–ին սուբվենցիոն ծրագրերի մասով գերազանցել է 31 մլրդ դրամը:
Հայաստանը ե՞րբ դուրս կգա ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»
Նախարարը վստահեցրեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այլ գործընկեր կառույցների հետ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել թերությունները շտկելու ուղղությամբ: «Եվ 2024–ի տարեվերջին մենք հայտ ենք ուղարկել՝ նշելով, որ եվրոպական կողմից նախանշված թերություններն ամբողջ ծավալով վերացված են: Այս պահին ունենք պայմանավորվածություն: Հույս ունենք, որ 2025 թվականի ամռան ամիսներին գործընկերները կգան ու տեղում կուսումնասիրեն թերությունների վերացման ընթացքը: Եվ հույս ունենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկարողանանք ավիացիայի համար իսկապես խոչընդոտ հանդիսացող «սև ցուցակ» ասվածը հաղթահարել»,–ընդգծեց Խուդաթյանը: