ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ ռեկորդային ֆինանսական ծավալով պայմանագրեր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կողմերը ստորագրել են պայմանագրեր և ներդրումային պարտավորություններ ընդհանուր 600 միլիարդ դոլարի չափով, ինչը երկու երկրների համագործակցության պատմության մեջ ամենամեծ տնտեսական գործարքն է։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Պայմանագրերը վերաբերում են պաշտպանության, էներգետիկայի, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ոլորտներին։ Վաշինգտոնում ընդգծում են, որ այս համաձայնագրերը պետք է հիմք դառնան երկու երկրների միջև «նոր ոսկեդարի» մեկնարկի համար։ Համաձայնագրերից մոտ 142 միլիարդ դոլարը, այսինքն՝ գրեթե մեկ քառորդը, վերաբերում է զենքի մատակարարումներին։
Կողմերը նաև պայմանավորվել են, որ Սաուդյան Արաբիան գնելու է գազային տուրբիններ և այլ էներգետիկ լուծումներ, ինչպես նաև Boeing ընկերության ուղևորատար ինքնաթիռներ։ Իսկ սաուդական DataVolt ընկերությունը ներդնելու է 20 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների և էներգետիկ ենթակառուցվածքի կառուցման համար։
Այսօր էլ Սպիտակ տան ղեկավարը կայցելի Կատար, իսկ մայիսի 15-ին՝ ԱՄԷ։ Այս շրջագայությունը Թրամփի՝ նախագահի պաշտոնին վերադարձից հետո առաջին երկարատև արտաքին այցն է։ Մամուլը հաղորդում է, որ Թրամփը նպատակ ունի Պարսից ծոցի երկրների հետ մինչև մեկ տրիլիոն դոլարի գործարքներ կնքել։
Միաժամանակ Թրամփը չի բացառել, որ մայիսի 15-ին կարող է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը նշել է, որ Վաշինգտոնը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը, ում Թուրքիա էր հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսաստանի ղեկավարը դեռ չի արձագանքել այդ նախաձեռնությանը։