ԵՄ-ն կբարձրացնի մաքսատուրքերը ուկրաինական ապրանքների վրա

ԵՄ-ն կբարձրացնի մաքսատուրքերը ուկրաինական ապրանքների վրա

ԵՄ-ն կարող է հունիսի 6-ից էապես բարձրացնել մի շարք ուկրաինական ապրանքների՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Financial Times-ը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, որոշման ուժի մեջ մտնելու դեպքում վտանգի տակ կհայտնվեն եգիպտացորենի, շաքարի, մեղրի և թռչնամսի մատակարարումները։ Բրյուսելը նախատեսում է գործող արտոնությունները փոխարինել «անցումային միջոցներով»՝ մինչև նորացված առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելը։

Մասնավորապես՝ տարեկան մաքսազերծ քվոտան կարող է բաժանվել 12 ամսական քվոտաների՝ ուկրաինական ապրանքների ներմուծման ծավալները ժամանակավորապես սահմանափակելու նպատակով բանակցությունների ընթացքում։

Այս նախաձեռնությունները մեծապես կապվում են Լեհաստանի աջակցությամբ, որը գլխավորում է ԵՄ-ն 2025 թվականի առաջին կեսին: Չնայած եվրոպացի ֆերմերների բողոքներին՝ 2024 թվականին Եվրոպան մեկ տարով երկարաձգեց ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսազերծ առևտրի ռեժիմը։

Անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը հայտարարեց, որ այս անգամ նման որոշում չի ընդունվի։ Նրա խոսքով՝ դրա փոխարեն կսկսվեն բանակցություններ՝ գործող ռեժիմը ինտեգրելու Կիևի հետ ազատ առևտրի համաձայնագրի մեջ։