Մակրոնը գնահատել է Ռուսաստանի ակտիվների բռնագրավման հավանականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելը ներկայումս անհնար է իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Այդ մասին նա հայտնել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մակրոնը նշել է, որ այս պահին Եվրոպան չունի օրինական մեխանիզմներ՝ ռուսական ակտիվները լիարժեք բռնագրավելու համար։ Սակայն նա հիշեցրել է, որ Եվրամիությունը արդեն օգտագործում է այդ ակտիվներից ստացված եկամուտները Ուկրաինային աջակցելու նպատակով։
«Նախ պետք է ապահովենք այդ ակտիվների պահպանումը։ Մենք պետք է վստահ լինենք, որ եթե երբևէ ԵՄ-ում այլևս չլինի միաձայնություն պատժամիջոցների հարցում, այդ միջոցները չեն կորչի։ Ես կարծում եմ, որ երբ հակամարտությունը կարգավորվի, այդ սառեցված ակտիվները պետք է օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան զինված ուժերի համար զինամթերք կստանա Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Զենքի գնման ֆինանսավորումը կիրականացվի Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։