ՎԶԵԲ-ը «Կոնվերս բանկի» միջոցով ընդլայնում է փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը

ՎԶԵԲ-ը «Կոնվերս բանկի» միջոցով ընդլայնում է փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներին)` «Կոնվերս բանկին» տրամադրելով 8 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նոր փաթեթ: Եվրոպական միության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ այս ֆինանսավորումը տեղական բիզնեսներին կօգնի բարձրացնել իրենց մրցունակությունը՝ ներդնելով ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն պրակտիկաներ:

Ֆինանսական փաթեթը ստորագրվել է Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «Կոնվերս բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի կողմից՝ Լոնդոնում անցկացվող ՎԶԵԲ-ի 2025թ. տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում:

Ընդհանուր փաթեթից ԱՄՆ 5 միլիոն դոլարը, EU4Business-ՎԶԵԲ-ի վարկային գծի միջոցով, վերավարկավորելու է տեղական ընկերություններին՝ վերջիններիս տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ ստանդարտների համաձայն կատարելագործելու նպատակով։ Այս ներդրումները կխթանեն մրցունակությունը, կբարելավեն աշխատավարում առողջության և անվտանգության պայմանները և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Ֆինանսավորման առնվազն 70 տոկոսը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ներդրմանը։ Բիզնեսները կօգտվեն նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունից և խթանող դրամաշնորհներից՝ ծրագրերի հաջող իրականացման դեպքում։

2020թ-ի և 2023թ-ի ընթացքում Հայաստանում տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ջանքերի շրջանակներում ՎԶԵԲ-ը խթանող դրամաշնորհներ կտրամադրի այն ՄՓՄՁ-ներին, որոնք ղեկավարվում են տեղահանված անձանց կողմից կամ այն ՄՓՄՁ-ներին, որոնք վերջիններիս աշխատանքի են ընդունում կամ վերապատրաստում են՝ նպաստելով տնտեսական կայուն ինտեգրմանը և համայնքային երկարաժամկետ օգուտներին։

Մնացած ԱՄՆ 3 միլիոն դոլարը կտրամադրվի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) միջոցով՝ կենտրոնանալով կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և մեղմացման տեխնոլոգիաների վրա։ GCF-ի և CIF-ի կողմից աջակցվող, թույլատրելի ներդրումները ներառում են արևային ֆոտովոլտային համակարգերը, երկրաջերմային ջեռուցման պոմպերը, էլեկտրական տրանսպորտային միջոցները և լիցքավորման ենթակառուցվածքները։ Ներդրողները կօգտվեն նաև տեխնիկական աջակցության և ներդրումային հավելյալ խթանների հնարավորութ-յուններից՝ այս ծրագրերին աջակցելու նպատակով։

Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը և ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերը հանդիսացող «Կոնվերս բանկն» իր ծառայություններն է առաջարկում շուկայի բոլոր հատվածներում՝ ողջ երկրի տարածքում մասնաճյուղերի ցանցի միջոցով։ Սա առաջին անգամ է, երբ բանկը մասնակցում է ինչպես EU4Business-ՎԶԵԲ վարկային գծին, այնպես էլ GEFF գործիքներին։

1992թ-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն իրականացրել է շուրջ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ 224 ծրագրերի շրջանակներում։