ՎԶԵԲ-ը համագործակցում է «Էվոկաբանկ»-ի հետ՝ Հայաստանում բիզնեսներին աջակցելու համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Էվոկաբանկ»-ը մի շարք համաձայնագրեր ենստորագրել՝ Հայաստանում ձեռնարկություններին տրամադրվող աջակցությունն ուժեղացնելու և դեպի «կանաչ» տնտեսություն երկրի անցումն արագացնելու նպատակով։
19.4 միլիոն եվրո կազմող ֆինանսավորման փաթեթն այսօր համաձայնեցվել է ֆինանսական հաստատությունների հարցերով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «Էվոկաբանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Եղիազարյանի միջև ՎԶԵԲ-ի 2025թ. տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում, որն անցկացվում է Լոնդոնում։ Այս համաձայնագիրը նշանավորում է ՎԶԵԲ-ի և «Էվոկաբանկ»-ի առաջին պաշտոնական գործընկերությունը։
Ֆինանսավորման փաթեթը ներառում է երեք գործիքներ․
- Մինչեւ 10 միլիոն եվրո կազմող առաջնահերթ պահանջի իրավունքով վարկ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար, ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու նպատակով՝ տեղական բիզնեսներին օգնելով աճել և բարձրացնել իրենց դիմակայությունը։
- Մինչեւ 5 միլիոն եվրո կազմող «կանաչ» ֆինանսավորման գործիք՝ ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման տարածաշրջանային ծրագրի (GEFF) շրջանակում, Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ, որը ընկերություններին կօգնի ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության հետևանքերի մեղմացման և հարմարվողականության տեխնոլոգիաներում, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և նվազեցնում շահագործման ծախսերը։
- 4.4 միլիոն եվրոյի առևտրի ֆինանսավորման գիծ՝ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում, որի միջոցով կխթանվեն առևտրային հոսքերը և միջազգային առևտրային կապերի ամրապնդման շնորհիվ տեղական բիզնեսները հնարավորություն կունենան մուտք գործել նոր շուկաներ։
Ֆրանսիս Մալիժը նշել է. «Էվոկաբանկ»-ի հետ այս գործընկերությունը կարևոր դերակատարություն կունենա՝ Հայաստանի տնտեսության թերսպասարկվող հատվածների համար ֆինանսավորում տրամադրելու իմաստով՝ միաժամանակ աջակցելով «կանաչ» տեխնոլոգիաների ներդրմանը։ Ուրախ ենք ողջունել «Էվոկաբանկ»-ին՝ որպես Հայաստանում մեր նոր գործընկեր բանկին»։
Կարեն Եղիազարյանն ավելացրեց. «Էվոկաբանկ»-ը hպարտ է միանալ ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերի ցանցին։ Այս համագործակցությունը մեծացնում է մեր հնարավորությունները՝ հայկական բիզնեսին և ձեռներեցներին աջակցելու՝ մասնավորապես նորարարության, կայունության և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցում»։
1992թ-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն իրականացրել է շուրջ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ 224 ծրագրերի շրջանակներում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում։ Ներդրումների 84 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում։