Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

Լրատվամիջոցների և հաղորդակցության դերը շատ մեծ է կայուն զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր թեմայի արծարծման, տարածման, ինչպես նաև թեմային վերաբերող մարտահրավերների մասին տեղեկություններ ստանալու և առաջընթաց ապահովելու գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կայուն զարգացման միջազգային համաժողովի  շրջանակում կազմակերպված «ԶԼՄ-ների և հաղորդակցության դերը Հայաստանում կայուն զարգացման առաջխաղացման գործում» խորագրով պանելային քննարկմանը, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին, ասացին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։  

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե   Նազարյանի համոզմամբ՝  կայուն զարգացման թեման վաղուց դուրս է եկել բնապահպանական շրջանակից և դարձել է համընդհանուր մարդկային օրակարգի մի մաս։ Ըստ նրա՝ այդ համատեքստում լրատվամիջոցների և հաղորդակցության դերը չափազանց կարևոր է։  

«Մեդիաները ոչ միայն հաղորդում են տեղեկություններ, այլև ձևավորում են մարդկանց ընկալումները, առաջնահերթությունները, ինչու ոչ՝ պայմանավորում մարդկանց վարքագիծը: Շատ կարևոր է, որ կայուն զարգացման թեմայով հաղորդակցությունը կառուցվի այնպես, որ յուրաքանչյուր մարդ իրեն զգա այդ ծրագրերի շահառու»,-շեշտեց նա և հավելեց՝ «Արմենպրես»-ն այդ առաքելությունը համարում է իր գործունեության առանցքը:  

Նազարյանն ընդգծեց, որ գործակալությունն ուշադրության կենտրոնում է պահում միջազգային օրակարգը՝ այն տեղափոխելով ազգային մակարդակ. լուսաբանում են միջազգային համաժողովները՝ G20-ից մինչև COP, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ։ Տեղեկատվությունը ներկայացնում են ընթերցողին մատչելի, հստակ և հայկական համատեքստում՝ փորձելով կապել գլոբալը տեղականի հետ։  

«Գործակալությունն ապահովում է բազմաթիվ հրապարակումներ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, հայաստանյան բիզնեսներում կանաչ տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգետիկայի, խելացի գյուղատնտեսական փորձարկումների և այլնի մասին։ Կրթական ծրագրերի միջոցով գործակալությունը համագործակցում է բուհերի հետ, ուսանողներին ներկայացնում կայուն զարգացման թեմաներ ու նրանց ներգրավում վերլուծական հրապարակումների ստեղծման գործընթացում՝ հրապարակելով դրանք ու խրախուսելով նաև երիտասարդների ներգրավվածությունը»,-ասաց Նարինե Նազարյանը։

Անդրադառնալով հայկական պետական լրատվական գործակալության առավելություններին՝ տնօրենը շեշտեց՝ ինը օտար լեզու, միջազգային համագործակցության լայն ցանց, ամենօրյա ռեժիմով նյութերի և լուսանկարների փոխանակում աշխարհի տարբեր երկրների ավելի քան 30 լրատվական կառույցների հետ, մեծ մեդիաբանկ։ Նազարյանը հավաստիացրեց՝ կայուն զարգացումը պահանջում է հանրային համաձայնություն, իսկ հանրային համաձայնություն հնարավոր է ձևավորել միայն բաց և վստահելի հաղորդակցության միջոցով։ «Այստեղ է, որ լրատվամիջոցները պետք է դիտարկվեն որպես գործընկերներ, նաև՝ առաջամարտիկներ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվելու Հայաստանում 2026 թվականի աշնանը կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիային միացած երկրների COP 17 համաժողովի լուսաբանման և նրա ուղերձները հանրությանն ավելի հստակ հասցնելու գործին»,-եզրափակեց գործակալության տնօրենը: 

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ հիշեցրեց՝ այս տարի տոնում են հիմնադրման 15-ամյակը և կարևորում են իրենց ընկերության ոչ թե մրցանակները, որոնց արժանացել են տարիների ընթացում, այլ արժեքները, որոնք ստեղծել և ստեղծում են։ «Մենք ոչ միայն ձգտել ենք ռազմավարական PR նախաձեռնություններով հաղորդակցության գործակալություն դառնալ, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի՝ հիմնվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա։ Հանրության հետ կապերը որոշումներ կայացնելուն նպաստող պրակտիկա է։ Տարիների ընթացքում մենք շատ ենք փոխվել, զարգացել»,-ասաց նա։ 

Ամբողջությամբ՝ armenpress.am