Շիրակում գյուղական ամբուլատորիաների խոշորացման հարց է քննարկվում․ նախագիծ առայժմ առկա չէ

Ապրիլի 11-ին Շիրակի մարզխորհրդի նիստում մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի աողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանին տեղեկացրեց, որ շարունակելու են ամբողջությամբ վերահսկել պոլիկլինիկաների, ամբուլատորիաների ու բժշկական բոլոր հաստատությունների ֆինանսական իրավիճակը՝ ծախսերը, մուտքերը, ելքերը, քաղաքացուն մատուցած ծառայությունները, աշխատաժամերը։
«Կապ չունի, որ մեր մոտից տարան 4 բժշկական հաստատություն, բայց մեզ մոտ, բացի թղթաբանությունից, որեւէ բան չի փոխվել։ Ես էլի հետեւողական եմ լինելու այդ կառույցների, ամբողջ բժշկական համակարգի կառույցների լավ աշխատանքին ու քաղաքացիների դժգոհությունների ետեւից հետեւողական գնալու ենք։ Ամբուլատորիաներ ունենք, որտեղ շինարարական աշխատանքներ են սկսվելու, խնդրելու եմ, որ այդ ամբուլատորիաների շինարարական աշխատանքների մասով ձգձգումներ չլինեն։ Իսկ պոլիկլինիկաների մասով մենք իրար հետ զրուցել ենք․ փորձենք հասկանալ ֆինանսական միջոցները, ծախսած գումարները։ Ամբողջ տարվա բյուջեն հաստատում ենք, բայց չգիտենք, թե նախորդ տարվա բյուջեն իրենք ինչպես են ծախսել։ Իհարկե, ինչքան գիտեմ՝ հանձնարարական կար, որ ուղարկեն 2024 թվականի ծախսած գումարները, տեսնենք դրական, բացասական մնացորդները»,-նշեց Դ․Առուշանյանը։
Աշխատակազմի աողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանն էլ այդ օրը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մարզպետի աշխատակազմին առաջարկել է ներկայացնել գյուղական ամբուլատորիաների խոշորացման ծրագիր։ Այդ մասին ինքը տեղեկացրել է մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանին, բայց հարցը ցանկանում է քննարկել նաեւ մարզպետի հետ։
Դ․Առուշանյանը հայտարարեց, որ քննարկման մասնակից պետք է լինեն նաեւ համայնքների ղեկավարները։
«Համայնքների ղեկավարները պետք է ներգրավված լինեն, որովհետեւ, առանց համայնքի ղեկավարի մասնակցության, որոշել, թե որ գյուղի որ ամբուլատորիան է միանում, դա, իմ կարծիքով, սխալ է։ Մենք մեր գործընկերներին էլ պետք է հրավիրենք այդ քննարկմանը որ իրենց կարծիքն հայտնեն։ Անպայման կունենանք այդ քննարկումը»,-ավելացրեց նա։
Գյուղական ամբուլատորիաների որոշ տնօրեններ մտահոգված են, հատաքրքրքվում են, թե ինչ սկզբունքներով են համայնքներն ու մարզպետի աշխատակազմն ընտրելու միավորվող հիմնարկները, արդյոք այստեղ չի՞ գործելու եւ ներազդելու բարեկամական-ազգակցական կապը։
«Ասպարեզը» Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվել է, թե Շիրակի մարզի ո՞ր ամբուլատորիաները, բուժհիմնարկներն են վերակազմակերպվելու, ի՞նչ
սկզբունքով է իրականացվելու վերակազմակերպման գործընթացը, ինչպե՞ս են ընտրվել կամընտրվելու այդ հաստատությունները, ի՞նչ սկզբունքներով, ե՞րբ է մեկնարկելու այդ գործընթացըեւ ե՞րբ է ավարտվելու, առողջապահական հիմնարկների վերակազմակերպման գործընթացն իրավական ի՞նչ ակտովէ իրականացվելու, արդյո՞ք այս գործընթացը ենթադրում է աշխատողների թվաքանակի
կրճատում, եթե այո՝ ապա ի՞նչ սկզբունքով է այն իրականացվելու։
Շիրակի մարզպետի աշխատակազմից ստացել ենք հակիրճ բովանդակությամբ հետեւյալ պատասխանը․
«ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության բժշկական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի որևէ նախագիծ այս պահին ներկայացված չէ»։
Անի Մկրտչյան
Աղբյուրը՝ asparez.am