Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր հրաժարականի մասին հրապարակային բացատրություն ներկայացրել է: Պատգամավորը դրան ավելացնելու որևէ բան և այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չտեսավ:
«Անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,–ասաց խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ դա ասում է գլոբալ առումով: