«Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի». քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ:

«Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն: Մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել: Ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանը անհոգնել քանդելու է հնարավոր, նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված պատշգամբներ»,- ընդգծել է քաղաքապետը:         

Մոտեցումը հստակ է նաև շինհրապարակները ձևավորելու խնդրում. քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ, անկախ վերահսկողական մեխանիզմներից ու վարչարարության կիրառումից, ցանկացած կառուցապատող պետք է պատասխանատվություն ունենա իր քաղաքի ու բնակիչների հանդեպ: 
«Սիրելի կառուցապատողներ, փոշեկլանիչ ցանցերն ուղղակի ծախս չեն ձեզ համար, դա  Երևանում մարդկանց առողջության խնդիրն է: Ցանկացած կառուցապատող պարտավոր է շինարարությունն իրականացնելիս համապատասխան ձևավորել իր շինհրապարակը:

Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ, սա պատասխանատվություն է իրենց հարևանությամբ շենքերում ապրող երեխաների նկատմամբ: Եվ ամեն մի կառուցապատող, երբ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա և պատկերացնի, որ ինքն իր չափով թունավորում է տվյալ միջավայրը: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս վարչարարությունն իրականացնել և ԱԺ գործընկերներին առաջարկել է էականորեն բարձրացնել տուգանքների չափերը նմանատիպ վարվելակերպի համար»,- շեշտել է Տիգրան Ավինյանը: