Երանոսում սկսվել են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Երանոսում սկսվել են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

 Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ Երանոսի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 652 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է 1-ին, 21, 5, 9, 22-րդ փողոցների առանձին հատվածների ասֆալտապատում՝ 1920 մետր ընդհանուր երկարությամբ և 9240 քմ մակերեսով։ Կառուցվելու է նաև ոռոգման և ջրահեռացման համակարգ, հենապատ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է  «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, մեկնարկել են մայիսի 10-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1220017