ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին հասել են ռեկորդային 400մլն եվրոյի․ ֆիննախ

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին հասել են ռեկորդային 400մլն եվրոյի․ ֆիննախ

2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային 400 մլն եվրո սահմանաչափի, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամության մասին:

Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

ՎԶԵԲ–ի մասին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է։ ՀՀ–ում բանկի հիմնական առաջնահերթությունների թվում են ընկերությունների մրցունակության բարձրացումն ու ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը։