Արագածոտնի մարզի տնտեսավարողներն ակնկալում են պարբերական հանդիպումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանի այցը Արագածոտնի մարզ անցել է մեծ արդյունավետությամբ. նա հանդիպել է մարզի ղեկավարության, սննդի շղթայի օպերատորների՝ արտադրության, հանրային սննդի օբյետների, իրացման ցանցի, սպանդանոցների ներկայացուցիչների հետ, այցելել գինու արտադրամաս:
Սննդի շղթայի օպերատորների հետ հանդիպման ընթացքում նախ խոսվել է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը պահելու մասին. թեև մարզում կան բավարար քանակությամբ սպանդանոցներ՝ 11-ը, սակայն մարզի իրացման ցանցում դեռևս հայտնաբերվում է ոչ սպանդանոցային ծագման միս, ինչն անթույլատրել է: Տիգրան Պետրոսյանը շեշտել է, որ սպանդանոցները պետք է սկսեն աշխատել որպես թարմ ու առողջ մսի հիմնական մատակարարներ, դիտարկելով իրենց գործունեությունը բիզնեսի դիրքերից, այլ ոչ թե՝ միայն մորթի ծառայություն մատուցելու:
Անդրադարձ է կատարվել կաթնամթերքի արտադրություններում վերջին շրջանում իրականացված վերահսկողության արդյունքներին, հայտնաբերված խախտումների բնույթին, դրանք բացառելու, ինչպես նաև հանրային սննդի կետերում և իրացման ցանցում վաճառվող սննդամթերքի անվտանգության, սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի և պահման պայմանների պահպանման անհրաժեշտությանը:
Տնտեսավարողները նշել են այսպիսի հանդիպումներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ հստակեցնելով, որ վերահսկող մասնագետների հետ անմիջական շփումները, խորհրդատվությունը շատ օգտակար է իրենց աշխատանքի համար:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների հիվանդությունները կանխարգելելու, արդյունավետ խնամքի և վերահսկողության խնդիրների շուրջ առավել արդյունավետ համագործակցելու, գյուղացիական տնտեսություններում սպանդանոցային մորթի կարևորության մասին իրազեկման աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունները, պայմանավորվել են այդ ուղղությամբ համատեղ ջանքեր ներդնելու շուրջ:
Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև գինու արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին: