Բացահայտվել են պարեկներին կաշառք տալու դեպքեր

Բացահայտվել են պարեկներին կաշառք տալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Դրանից հետո տրանսպորտային միջոցի ուղևորը ոստիկանության պարեկային ծառայողի գրպանն է դրել 30․000 ՀՀ դրամ, սակայն պաշտոնատար անձին կաշառք տալու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին: Մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ապրիլի 30-ին Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հանդիպակաց ուղղությամբ երթևեկելու համար կանգնեցրել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող քաղաքացուն, ով սթափության վիճակի զննություն չանցնելու համար պարեկներին կաշառք է առաջարկել, որից հետո հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է: Պարեկներին կաշառք առաջարկելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը կամ խոստանալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, հետևապես՝ հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ, իսկ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում՝ զանգահարել Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ՝ 011 900 035 հեռախոսահամարով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։