Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ - 2024 թվականի 4-րդ եռամսյակ):
Զեկուցողի խոսքով՝ 2024 թվականի սկզբին մակրոտնտեսական միջավայրը հիմնականում անորոշություններով է բնութագրվել, և Կենտրոնական բանկը շեշտը դրել է սցենարային վերլուծությունների վրա` հասկանալու համար տարբեր ռիսկերի պարագայում քայլերի հաջորդականությունը և գնաճային ու գնանկումային ռիսկերը: Այդ շարքում նա առանձնացրել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների և ՀՀ-ում չեզոք տոկոսի մակարդակը:
2024 թվականի ընթացքում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա հիմնականում դիտվել են թույլ գնանկումային ազդեցություններ: 2024 թվականին Հայաստանում տնտեսական աճը բավականին բարձր է եղել, ինչը գերազանցապես պայմանավորված է եղել ծառայությունների (շինարարության և առևտրի) ոլորտներում արձանագրված բարձր աճով:
Երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսության ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին: Արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում է եղել: Աշխարհում տիրող անորոշությունների պարագայում Հայաստանն այն քիչ երկրներից է, որը կարողացել է պահպանել բարձր տնտեսական աճը՝ առանց զոհաբերելու գների կայունությունը:
2025 թվականին ևս ոլորտում շարունակվել են անորոշությունները:
Արմեն Նուրբեկյանը մանրամասն ներկայացրել է այն քայլերը, որոնք միտված են եղել գնաճային ռիսկերի զսպմանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ կանխիկ և անկանխիկ գործառությունների շրջանառության վերաբերյալ, անդրադարձել ՀՀ դրամավարկային քաղաքականության՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարմանը:
Հանձնաժողովի կողմից հաղորդումն ընդունվել է ի գիտություն: