Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն տեղեկացրել է, թե կարող է կազմակերպել իբրև թե պաշտոնատար անձ հանդիսացող իր ծանոթին 600.000 ՀՀ դրամ կաշառք տալու դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը: Հիշյալ գործողությունների դիմաց պարեկը քաղաքացուն դրդել է սկզբում իրեն փոխանցել կաշառքի գումարից 300.000 ՀՀ դրամը՝ իբր իր ծանոթ պաշտոնատար անձին տալու նպատակով, իսկ գումարի մյուս մասը փոխանցել վարորդական վկայական ստանալու համար սահմանված քննությունը հանձնելուց հետո: Սակայն պարեկը հետագայում որևէ գործողություն չի ձեռնարկել, և քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել:
Արդյունքում՝ պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է 300.000 դրամ:
Կաշառք տալու դրդչության փորձի, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրոթյան մեջ: