ԵՄ երկրները համաձայնության են եկել 150 մլրդ եվրո բյուջեով պաշտպանության նոր հիմնադրամի ստեղծման շուրջ

Եվրամիության անդամ երկրները սկզբունքորեն համաձայնել են ստեղծել 150 միլիարդ եվրո (168,3 միլիարդ դոլար) ընդհանուր բյուջեով Security Action for Europe (SAFE, Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) հիմնադրամ՝ ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times թերթը։
ԵՄ դիվանագետը Reuters-ին ասել է, որ մարտին Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ փոխառության միջոցով և վարկեր կտրամադրի ԵՄ անդամներին և այլ երկրներին, հատկապես Ուկրաինային, իրենց պաշտպանությունն ուժեղացնելու և եվրոպական զենքի արդյունաբերությունը զարգացնելու նախաձեռնությունների համար:
Բրյուսելից վերցված վարկերը կարող են օգտագործվել համատեղ գնումների համար՝ ուղղված Եվրոպայի վերազինմանը։