Արմենպրես. ԱԶԲ-ն Հայաստանում աջակցում է ճանապարհաշինության հավակնոտ ծրագրերին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՀՀ կառավարության հետ համագործակցում է մի քանի ուղղություններով։ Նախևառաջ բանկն աջակցում է մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի որոշ հատվածների շինաշխատանքներին։ ԱԶԲ-ի ուղեկցությամբ՝ լրագրողների խումբն այցելեց Թալին-Լանջիկ և Աշտարակ-Թալին հատվածներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիից Երևան ուղղությամբ կառուցվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 18,7 կիլոմետր է։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից։ Շինաշխատանքների գումարը կազմել է 60 միլիոն դոլար։
«Շինաշխատանքները նշված հատվածում ավարտվել են 2022 թվականի հոկտեմբերին և հենց նույն տարվանից ճանապարհահատվածը երկկողմանի արդեն բաց է երթևեկության համար։ Այս պահին Հյուսիս-հարավի Ագարակից մինչև Բավրա գոյություն ունեցող ճանապարհը 560 կիլոմետր է, սակայն նախանշված ծրագրով այն կազմելու է 470 կիլոմետր, ինչը կրճատելու է ճանապարհի երկարությունը»,- ասաց Զուլալյանը։
Նա տեղեկացրեց, որ ԱԶԲ-ն ֆինանսավորում է Երևանից Գյումրի ընկած ավտոճանապարհի երեք հատվածների շինարարությունը, ինչի առթիվ կնքվել են երեք պայմանագրեր։ Առաջին պայմանագրի մասով աշխատանքներն արդեն ավարտված են։
«Այն տեղամասից, որտեղ երկու գոտիները տեղափոխվում են և դառնում մեկ գոտի, սկսվում է Տրանշ-2 հատվածը՝ Աշտարակ-Թալին ուղղությամբ, որի երկարությունը կազմում է 34 կիլոմետր։ Այստեղ է, մասնավորապես, Արուճի հանգույցը, որը կառուցված է մի քանի գյուղեր հիմնական ճանապարհին կապելու համար։ Աշտարակ-Թալին հատվածում, ընդհանուր առմամբ, կան նմանատիպ ինը հանգույցներ։ Նախագծման փուլում աշխատանքները նախապես համաձայնեցվել են հարակից համայնքների հետ, որպեսզի նրանք անվտանգ կապվեն հիմնական ճանապարհի հետ։ Գյումրիի կողմից մինչև 71-րդ պիկետ պատվածքի հետ կապված աշխատանքներն ավարտվել են։ Իրականացվել է եռաշերտ ասֆալտապատում։ Այս պահին իրականացվում են անվտանգության տարրերի տեղադրման, կողնակների և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները»,- ասաց Զուլալյանը։
Նա հավելեց, որ ծրագրով մինչև Երևան ընկած ճանապարհի 38-րդ պիկետ ընթանում են նաև հողային աշխատանքներ։ Տվյալ հատվածում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտել 2025-ի տարեվերջին և ճանապարհահատվածը բացել երկկողմանի երթևեկության համար։ Ըստ պայմանագրի՝ Աշտարակ-Թալին ուղղությամբ ճանապարհահատվածի (34կմ) շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 76 միլիոն դոլար։ Ավտոճանապարհը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Լրագրողների խումբը հաջորդիվ կանգ առավ Աշտարակ-Թալին ճանապարհի մյուս տեղամասում, որն ընդգրկում է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կիլոմետր երկարությամբ հատվածը, որտեղ շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
«Այստեղ նույնպես կատարվել է եռաշերտ ասֆալտապատում։ Այս պահին շինարարական կազմակերպությունները տեղում իրականացնում են ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ, մետաղական արգելափակոցները գրեթե ամբողջությամբ նույնպես տեղադրված են, և ակնկալվում է, որ հուլիսին շինաշխատանքներն այս հատվածում ևս ամբողջությամբ կավարտվեն և ճանապարհը կբացվի երկկողմ երթևեկության համար։ Հիմնական աշխատանքներից դեռ պակասում են միջնամասի բետոնապատումը և ճանապարհի գծանշումը, որոնք շուտով նույնպես կմեկնարկեն։ Ոչ միայն այս հատվածի, այլև ամբողջ Հյուսիս-հարավի համար նախատեսված է ջրահեռացման համակարգերի կառուցում։ Տարբեր տեղամասերում՝՝ կախված տեղումների, ջրի քանակից, տրված են համապատասխան թեքություններ։ Որոշ հատվածներում իրականացվելու են նաև քարաթափման պաշտպանիչ աշխատանքներ»,- ասաց Զուլալյանը։
Նյութն ամբողջությամբ՝ https://armenpress.am/