«Ведомости». Հայաստանը Հնդկաստանի հետ 1,5 մլրդ դոլարի, իսկ Ֆրանսիայի հետ՝ 250 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել

«Ведомости». Հայաստանը Հնդկաստանի հետ 1,5 մլրդ դոլարի, իսկ Ֆրանսիայի հետ՝ 250 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի խորհրդարանում արված հայտարարություններին, ասվում է Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի (ՄՀՌԽ) «Ռուս-հայկական փոխգործակցությունը ժամանակակից փուլում» զեկույցում, որին ծանոթացել է «Ведомости»-ն։

Հայաստանի մյուս խոշոր ռազմական գործընկերը Ֆրանսիան է, այս երկրի հետ 2023-2024 թթ. Երևանը շուրջ 250 մլն դոլարի սպառազինության գնման պայմանագրեր է ստորագրել։

ՀԱՊԿ դաշնակից Ռուսաստանի հետ 400 մլն դոլարի վերջին պաշտպանական գործարքը Երևանը կնքել էր դեռևս 2021 թ., այն մինչև օրս ամբողջությամբ չի կատարվել, նշված է զեկույցում։ Ինչպես գրել էր Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտը (ՍԻՊՐԻ), 2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը հասնում էր մինչև 94%-ի։

Սակայն արդեն 2024 թ. այն նվազել է մինչև 10%, ինչպես նույն թվականի մարտի սկզբին հայտարարել էր հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Հայաստանի սպառազինության շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի նվազման պատճառը ՄՀՌԽ հեղինակները համարում են Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների պատճառով մատակարարումների հետ կապված բարդությունները։