ԲՏԱ նախարարը ծանոթացել է Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի շինաշխատանքների ընթացքին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Հանրային հեռուստաընկերություն: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ շրջել եմ հեռուստաստուդիայի տարածքով, ծանոթացել հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության աշխատանքների ընթացքին, նախատեսվող ենթակառուցվածքներին, շինարարական աշխատանքների ժամանակացույցին և շահագործման հանձնման ժամկետներին:
Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության, ինչպես նաև հարակից տարածքների հետագա բարեկարգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Համաձայն ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2023 թվականի հունիսի 2-ին կնքված եռակողմ՝ նոր 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի, մասնաշենքի կառուցման նպատակով չինական կողմը արդեն իսկ գործուղել է անհրաժեշտ քանակությամբ ինժեներական, տեխնիկական անձնակազմ ու աշխատակիցներ։ Համաձայն նշված պայմանագրի՝ հայկական կողմը՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, պարտավորվում է իրականացնել նոր կառուցվող մասնաշենքի մոտեցման ճանապարհները ներառյալ ինժեներական ենթակառուցվածքները։
Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Նոր հեռուստաստուդիայի նպատակն է ավելացնել հեռուստատեսային հեռարձակման ծավալները։ Նոր մասնաշենքը թույլ կտա իրականացնել նոր՝ ավելի մեծ մասշտաբների հեռուստատեսային նախագծեր»,- գրել է նա։