ՊԵԿ նախագահ. Ստուգումների արդյունքում հավաքագրումներն աճել են

ՊԵԿ նախագահ. Ստուգումների արդյունքում հավաքագրումներն աճել են
2025 թ. հունվար–ապրիլին  ստուգումներ ու ուսումնասիրություններ են կատարվել 6 124 տնտեսվարողի հետ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 138-ի փոխարեն։ 
«Չնայած նրան, որ 40 տոկոսով ստուգված տնտեսվարողների քանակը նվազել է, 21 տոկոսով աճել են մեր հավաքագրած գումարները։ Սա խոսում է մեր վարչարարության արդյունավետության ու թիրախայնության մասին»,– լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը և հավելել,որ չնայած  ստուգումների՝ 40 տոկոսով նվազմանը, 21 տոկոս ավելացել են հավաքագրումները:

Ըստ նրա,  2025 թ. հունվար–ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 14.5 տոկոսանոց աճ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ։
Ինչ վերաբերում է մաքսային գործունեությանը, ապա, նրա խոսքով` ՀՀ սահմանահատումների ժամանակ օրական միջինում 30 բեռնատարով ավելի թողունակություն ունեն. եթե անցած տարի նրանց թիվը 580 էր, ապա 2025 թ. 4 ամսվա տվյալներով այդ թիվը հասել է 610-ի։
Նա տեղեկացրեց, որ դեռ 2016 թվականից ՊԵԿ–ն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սկսել է գնահատման մի մեծ միջոցառում, որը հարկային համակարգի բոլոր ուղղությունները մանրամասն գնահատելու է և ՊԵԿ–ին հնարավորություն է տալու ձևակերպել  առաջնահերթությունները։ Միջոցառումն արդեն ավարտել են, ու առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդյունքները կներկայացնեն հանրությանը։