Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (բնակարան ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով գողություն) հատկանիշներով։
«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն տեղեկություն էր տարածել, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում անհայտ անձը գիշերը մուտք է գործել շենք՝ քննիչի կեղծ անցագրով և հափշտակել որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ գումարը պահվել է 6-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանում։