Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն:
Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է:
Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:
Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):
Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`
  • նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները.
  • հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը.
  • մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը.
  • ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը:
2024 թ. դեկտեմբերի 1-ից հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվել է` պետական պատվերի շրջանակներում ներառելով`
  1. գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ.
  2. թիրեոտրոպ հորմոնի որոշում.
  3. Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են.
Հայաստանում հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական բժշկական օգնությունը, այդ թվում` ծննդօգնությունը ևս իրականացվում են անվճար՝ անկախ ծննդալուծման եղանակից (բացառություն են կազմում ծննդօգնության շրջանակներում հղիի կողմից ընտրված բժշկի բժշկական ծառայությունները և վճարովի՝ ոչ բժշկական ծառայությունները):