Տարեսկզբից քաղաքացիներին ավելի քան 90 հազար ID քարտ է տրվել

Եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ, տուգանքների տեսքով վարչական միջոցներ չեն կիրառվի։ ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ասուլիսում փաստել է քարտերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը, սակայն խնդիրները լուծվում են, և շուտով համակարգն ավելի արագ կաշխատի։ Ըստ նրա, 2024թ. տրամադրվել է 160 հազար նույնականացման քարտ, իսկ ընթացիկ տարվա սկզբից՝ արդեն ավելի քան 90 հազար։ Սա պայմանավորված է նաև կառավարության թվային օրակարգով։
Ձեռքբերումների թվում նա նշել է այն, որ համակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ հաջողվել է խուսափել անձնագրեր ստանալու համար գոյացող հսկայական հերթերից։