Մտավոր սեփականության հարցեր են քննարկվել համաժողովում

Մտավոր սեփականության հարցեր են քննարկվել համաժողովում
Մայիսի 23-ին կայացել է «Մտավոր սեփականությունը որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի շահառուների ներգրավման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Ղամբարյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
 «Այս ծրագրի համատեքստում հատուկ ցանկանում եմ ընդգծել աշխարհագրական նշումների կարևորությունը՝ որպես միջազգայնորեն ճանաչված իրավական գործիք, որը պաշտպանում է արտադրանքի ծագման վայրին բնորոշ հատկանիշներն ու հաստատում դրա իսկությունը։ Այս գործիքը կարելի է դիտարկել՝ որպես հայկական գինիների իսկությունը, ծագումն ու որակը վկայող արդյունավետ մեխանիզմ, որը միաժամանակ պաշտպանում է մեր արտադրանքը նմանակումներից և նպաստում նրա ճանաչելիությանն ու շուկայական արժեքի աճին», - նշել է Անուշիկ Ավետյանը։
 Նախաձեռնության ընթացքում քննարկվել են հայկական գինեգործության ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով մտավոր սեփականության, մասնավորապես՝ աշխարհագրական նշումների կարևոր դերը տեղական արտադրանքի ինքնության, մրցունակության և միջազգային ճանաչելիության ապահովման գործում։