ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց դինամիկան՝ ըստ տարիների. վիճակագրություն

2020 թվականին՝ 44 օրյա պատերազմին և դրան հաջորդած տարում ավելի քան 10.000 քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որից միայն 6278-ը արական սեռի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները:
ՆԳՆ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի քաղաքացիների թիվը շուրջ 24 տոկոսով ավելի է իգական սեռի քաղաքացիների թվից:
Մասնավորապես՝ 2020-2024թվականը դադարեցվել է ընդհանուր 21590 անձի ՀՀ քաղաքացիություն. նրանցից 13390-ը հանդիասանում են արական սեռի քաղաքացիներ, իսկ 8200-ը իգական: Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած արական սեռի քաղաքացիներից կրկնակի ավելին՝ 8732-ը, եղել են մինչև 18 տարեկան:
Ուշագրավ է, որ վերջին հինգ տարում ամենից շատ արական սեռի քաղաքացիներ (3433 անձ) հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից 2020 թվականին, իսկ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիներ(1966) ՝ 2022-ին:
Ցավոք, նշված ցուցանիշը հնարավոր չէ համեմատել նախապատերազամական տարիների վիճակագրության հետ, քանի որ ինչպես ՆԳՆ-ից պարզաբանեցին, մինչև 2020 թվականը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 18 տարին չլրացած արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ վիճակագրություն չի իրականացրել:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ: ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պետական տուրքի գործող չափը 25.000 դրամ է:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների՝ առաջարկվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:
Աղբյուրը՝ news.am