ՆԳ փոխնախարարը՝ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասին

ՆԳ փոխնախարարը՝ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ: 

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:

Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:

Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:

Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:

«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:

Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է:

«Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է, ուրեմն դրա համապատասխան ենթաօրենսդրական ակտը պարզապես չկա:

Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր: Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորւթյունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը: