Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը

Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը

Ազգային ժողովը մայիսի 27-ի հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին:

Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին տրամադրելու է 236.000.000 եվրո վարկ, որն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ մեկ երթեւեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը: Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչեւ Շենաթաղ՝ 27.1 կմ  երկարությամբ), Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականի դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ սահմանվել է 2033 թվականի դեկտեմբերը:

Ակնկալվում է, որ ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդգար Հակոբյանը: