Տնտեսական զարգացումը և բնության պահպանությունը՝ ԼԻԼԱ ծրագրով

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը ֆինանսավորում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ․ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացնում է տնտեսական բաղադրիչը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը՝ բնապահպանական բաղադրիչը։ ԼԻԼԱ ծրագիրը գործում է Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրա Երիցյանը ներկայացնելով Տավուշի և Լոռու մարզերում իրականացված աշխատանքները, մասնավորապես նշեց, որ ծրագրով աջակցել են Իջևան խոշորացված համայնքին՝ Սևքար և Ենոքավան գյուղերում տեղադրելով արևային կայաններ, ջրխմոցներ՝ արոտավայրերում, նաև բարեկարգվել են դեպի արոտավայր գնացող ճանապարհները։ Արևային կայանների տեղադրումը, ըստ նրա, թույլ է տվել իրականացնել խնայողություններ, որոնք ուղղվում են բնապահպանական և սոցիալական ոլորտին։
Ինչ վերաբերում է Լոռու մարզին, ապա այստեղ, Ն․ Երիցյանի փոխանցմամբ, աջակցել են Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներին և հիմնական ուշադրությունն ուղղել են արևային կայաններին, ենթակառուցվածքների բարեկարգմանը, արոտավայրերում ջրխմոցների տեղադրմանը։ Մեկ դիտարկում․ արևային կայաններ տեղադրելիս լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել․ պարզվել է, որ որոշ դեպքերում տանիքները հին են և չեն կարող որպես հիմք ծառայել կայանների համար, և ծրագիրն աջակցել է տանիքների հիմնանորոգմանը ևս։
ՌԶԳ ծրագրի տնտեսական բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը իր հերթին ներկայացնելով ԼԻԼԱ ծրագրի տնտեսական բաղադրիչը նշեց, որ ի սկզբանե նպատակ կար թիրախային բնակավայրերում շեշտը դնել այլընտրանքային եկամտի աղբյուրի վրա, որը ներառում է գյուղմթերքի արտադրություն, կայուն և ներառական զբոսաշրջություն, հավաքչություն և այլն։ Նաև նշեց, որ այժմ 31 շահառու ունեն տնտեսական բաղադրիչի շրջանակում, 11–ն ընդգրկված են գյուղմթերքի մատակարարման, իսկ 20–ը տուրիզմի և հյուրընկալության ոլորտում։
–Մեկ մլն շվեյցարական ֆրանկ տնտեսական բաղադրիչի շրջանակներում ուղղվել է հենց համայնքներում տուրիզմի, հյուրընկալության, վայրի հավաքի, գյուղմաթերքի մատակարարման արժեշղթայի զարգացմանը,– մանրամասնեց Ալլա Ղազարյանը։
Ենոքավանի Բերկրի հյուրատան տնօրեն Դավիթ Ավետիսյանը նշեց, որ 2020 թվականից աշխատել են և կարիք կար ընդլայնվելու։ Նախնական ունեցել են 4 համար և ԼԻԼԱ ծրագրի աջակցությունից հետո բացվել է 23 համար։ Աշխատում են գյուղմթերք արտադրողների հետ, խորացնում են աշխատակցների հմտությունները, փորձի փոխանակում են ունեցել Մոլդովայի հետ և այլն։
–Բիզնեսում ամենափոքր ներդրումն անգամ իր հետադարձ արդյունքն է ունենում, Մենք սիրտ ու հոգի ենք դնում այս ամենի մեջ, որ արդյունք ստանանք։ Մեր հիմնական այցեքարտը ընտանեկան ֆորմատն է, շաբաթ կիրակի օրերին համերգներ ենք ունենում,– ասաց նա և շեշտեց, որ ներկայացնում են դրական կողմերը, իսկ թե ինչ դժվարություններ են ունեցել բիզնեսի կայացման ընթացքում՝ չմանրամասնեց, ասելով, որ գյուղում դժվար է բիզնես հիմնելը՝ աշխատողների փնտրտուքից սկսած մինչև մատակարարում։
Լոռու մարզի Դեբեդ համայնքում Չամիչ հյուրատան սեփականատեր Դավիթ Կարմիրշալյանին ևս աջակցությունն է ցուցաբերվել՝ հյուրատունն ընդլայնելու, գյուղմթերքի իրացման, տեղական աշխատուժի ներգրվամանն աջակցելու համար։ Կարմիրշալյանը տուն է գնել Դեբետ գյուղի Դեբետ գետի բարձունքում՝ բիզնեսի թիրախ ունենալով հանգստությունը, լեռնային, անտառապատ տեսարանը, գետի քչքչոցը, որակյալ սնունդը և հանգիստը։
–Այս տարածաշրջանում հյուրատները քիչ էին, իսկ դասական իմաստով հյուրատուն չկար,– շեշտեց նա և թե ինչու Չամիչ հյուրատուն նշեց, որ կնոջ գաղափարն էր՝ արևոտ, կանաչ, կանչող տարածք էր՝ իսկական չամիչ։
Կինը՝ Լիլիթը, շեշտեց, որ հաճախ են գալիս իրենց հյուարտուն՝ իմանալու, թե Չամիչ հուրատունն ինչպիսինն է և այդ կանչող անունը լրացվում է հանգստի ու սննդի գրավչությամբ։ ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում կարողացել են նաև փակ սրահ կառուցել՝ ռեստորան, և ձմռանը ևս հյուրընկալել այցելուներ։
Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանն էլ ներկայացրեց ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրին հատկացված աջակցության արդյունքները։ Մանրամասնեց՝ վարչական շենքի տանիքի վերանորոգում, երկրորդ հարկի ամբողջական նորոգում, արևային կայանի տեղադրում, որն ապահովել է թե վարչական շենքի ջեռուցումը, թե գյուղի լուսավորության հիմնական մասը։ Դսեղի փողոցների ամբողջական լուսավորությունը կապահովեն հաջորդ տարի և խնայված գումարները այս ուղղությամբ են ծախսվելու։
Նշեց, որ նման ծրագրերը համայնքի համար շատ կարևոր աջակցություն են, համայնքի միջոցների սղության պատճառով շատ ծրագրեր երկրորդ պլան են մղվում, շատ այլ առաջնային հարցեր կան լուծելու, իսկ ԼԻԼԱ ծրագրի նման ծրագրերն օգնում են համայնքի զարգացմանը։ Բացի այդ, Ա․ Չոփուրյանը տեղեկացրեց, որ համայնքի արոտավայրերում տեղադրվել են ջրխմոցներ և ջուր խմելու համար ընտանի կենդանիները, եթե նախկինում կտրում անցնում էին հինգ կմ ճանապարհ, ապա ջրխմոցների տեղադրումից հետո այդ խնդիրը չկա, լուծվել է նաև հանդամասերում կենցաղային ջրի հարցը։