Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 27-ին աշխատանքայինխորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ
Արամ Ղազարյանը աշխատակազմին է ներկայացրել է Լոռու մարզպետի օգնական Արմեն Շահբազյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Վերջինս նույնպես շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով պարտականությունները, տրված հանձնարարականները կատարել բարձր մակարդակով:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել նաև ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքները:
Առողջապահության ոլորտի հետ կապված իրազեկվել է, որ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի «Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը» և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը նախատեսում են այցելել Լոռու մարզ՝ մայիսի 29 -ին բուժառուների անվճար ընդունելություն անցկացնելով Ալավերդու ԲԿ-ում, իսկ մայիսի 30-ին ՝ ՇՄԶ կրեդիտավորված անվճար դասընթաց բժիշկների համար և բուժառուների ընդունելություն՝ Վանաձորում։
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հունիսի 5-ին նախատեսում է իրականացնել ուսումնակրթական արշավ և անվճար խորհրդատվություններ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում:
Մարզի ղեկավարին տեղեկացվել է նաև, որ իմունոկանխարգելման ցուցանիշների բարելավման և վիրուսային հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով նախատեսվում է անցկացնել գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի մասնագետների և մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների, համաճարակաբանների, վարակաբանների մասնակցությամբ:
Կրթության ոլորտում ամփոփվում է ուսումնական տարին և իրականացվում են ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է մարզական երկու միջոցառումների կազմակերպում. մայիսի 29 և 30-ին ԿԳՄՍ նախարարության կողմից Լոռու մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ Վանաձորում կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» միջմարզային փուլը, իսկ հունիսի 3-ին «Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մարզային առաջնությունը:
Գյուղատնտեսության ոլորտում ամփոփվել են Լոռու մարզի 7 բնակավայրում մայիսի 13-ին տեղացած կարկուտի հասցրած վնասների վերաբերյալ արձանագրությունները և, սահմանված կարգի համաձայն, ներկայացվել ՀՀ ՆԳ նախարարությանը:
Տեղեկացվել է նաև, որ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրից օգտվելու համար ներկայում ստացվել է 704 դիմում՝ 1513 հեկտարում ցանքս իրականացնելու համար: Դիմումների ընդունումը շարունակվում է:
Քաղաքաշինության ոլորտում շարունակվում են մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մշտադիտարումները: Նախորդ շաբաթվա ընթաքում շինաշխատանքների մշտադիտարկում է իրականացվել 25 օբյեկտներում: Նախորդ շաբաթ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Լոռու մարզի համայնքների կողմից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագիր:
Այսպիսով՝ 2025թ.-ի համար ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի 36 ամբողջական փաթեթ:
Ներկայացվել է նաև, որ առաջիկայում Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները՝ մարզի ղեկավարի գլխավորությամբ, կմասնակցեն «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին» և «Հայ-ռուսական միջազգային ֆորումին»: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնակցության ձևաչափերը և թեմաների շրջանակը:
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ: