ՀՀ օմբուդսմեն. Զինծառայության մասին ռեզոնանսային օրենքի ընդունման դեպքում կարող եմ դիմել ՍԴ

ՀՀ օմբուդսմեն. Զինծառայության մասին  ռեզոնանսային օրենքի ընդունման դեպքում կարող եմ դիմել ՍԴ

Անընդունելի եմ համարում ցանկացած սոցիալական շերտավորում, որը կարող է առնչություն ունենալ նաեւ սահմանադրական պարտավորությունների հետ։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։

Նա անընդունելի է համարել այնպիսի իրավական մեխանիզմների ստեղծումը, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե պարտավորության կատարման առումով արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի ֆինանսական վիճակով, ֆինանսական ռեսուրսների առկայությամբ կամ բացակայությամբ։

«Բացի այդ, բանակում մեծ տարածում են գտել ոչ կանոնադրական հարաբերությունները, եւ այդ միտման խորացման ռիսկերը չեն գնահատվել»,- նշել է Մանասյանը։

Նա նշել  է, որ օրինագիծն իր հետ նախապես չի քննարկվել եւ չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Եթե օրինագիծն ընդունվի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, հետեւաբար ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»,- ընդգծել է օմբուդսմենը։

Նա վստահեցրել է, որ գործադիր իշխանության կողմից որեւէ միջամտություն չի զգացել իր աշխատանքում։ «Բազմաթիվ օրինակներ կան, երբ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած նախագծերի առնչությամբ»,- վստահեցրել է Մանասյանը։