ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ անցկացրել են երկօրյա կլոր-սեղան քննարկում

ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ անցկացրել են երկօրյա կլոր-սեղան քննարկում
ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ անցկացրել են երկօրյա կլոր-սեղան քննարկում՝ տեղական և միջազգային կազմակերպությունների համար, որի նպատակն էր քաղաքացիական հասարակության անդամներին ներկայացնել սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող մեծածավալ փոփոխությունները, քննարկել ՔՀԿ ներկայացուցիչների հետ համագործակցության ակտիվացման ուղիները, պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին։
Քննարկման շրջանակում ներկայացվել են սոցիալական աջակցության ոլորտի նոր բարեփոխումներն ու համագործակցությունը՝ սոցիալական համաձայնագրի շրջանակում․ օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են անապահովության գնահատման նոր համակարգին ու ԼՂ բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
Սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախարարության բանախոսները ներկայացրել են Սոցիալական աջակցության օրենքն ու դրա շրջանակում իրականացվող ռազմավարական փոփոխությունները, անապահովության գնահատման նոր համակարգը, սոցիալական աշխատողի դերի բարձրացմանն ուղղված աշխատանքներն ու այլ հարցեր։ Վերջիններս մանրամասնել են անապահովության գնահատման գործող և նոր համակարգերի տարբերությունները, Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրված նոր համակարգի հետ կապված աշխատանքները, սոցիալական համաձայնագրերի՝ տարածքային մակարդակում ՄՍԾ-ի հետ համագործակցության ուղիները, սոցիալական ծառայությունների հասցեական տրամադրելու նոր մեխանիզմները։
Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը նպաստելու է ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, սոցիալական աջակցության ծրագրերը առավել հասցեական դարձնելուն, անձի սոցիալ-տնտեսական ակտիվացմանը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։
  • «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների միասնական հարթակը՝ e-social.am թվային գործիքը․ սոցիալական աջակցության ծրագրերը, առցանց դիմումների ներկայացման ձևերը։
Կլոր սեղան քննարկումների ընթացքում մասնակիցները խոսել են պետություն-հասարակական կազմակերպություններ գործողությունների համակարգման, ուղղորդումների մեխանիզմների, համագործակցության արդյունքների և անելիքների, ինչպես նաև մասնագիտական այրման կանխարգելման մեխանիզմերի ու մեթոդների մասին։
  • Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, հանդես են եկել առաջարկներով։
Աշխատաժողովն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ՝ «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում։