Վայոց ձորի 4 դպրոցներ կմիավորվեն

Վայոց ձորի մարզի Վարդահովիտի, Հերմոնի, Գողթանիկի և Եղեգիսի դպրոցները կմիավորվեն՝ ստեղծելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման՝ մայիսի 26-ին։ «․․․Վարդահովիտի հիմնական դպրոցում 2024–2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 6 աշակերտ։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը նվազել է 3-ով. աշակերտները ծնողների նախաձեռնությամբ տեղափոխվել են Հերմոնի հիմնական դպրոց։ Վարդահովիտի դպրոցում սաների թիվն ունի նվազման միտում. հեռանկարում՝ մինչև 2030 թվականը, աշակերտների թվի աճ չի կանխատեսվում։ Գողթանիկի հիմնական դպրոցում 2024–2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 9 աշակերտ։ Հեռանկարում՝ մինչև 2028 թվականը, ակնկալվում է 2 աշակերտի ավելացում։ Հերմոնի հիմնական դպրոցում նույն ամսաթվով սովորում էր 22 աշակերտ, և մինչև 2029 թվականը ակնկալվում է ևս 2 աշակերտի աճ», – նշվում է հիմնավորման մեջ։
Բացի այդ, նախարարությունը նշում է, որ բոլոր դպրոցները սանյտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններում են՝ լոկալ ջեռուցման, սանհանգույցի և ջրամատակարարման խնդիր ունեն:
Միավորման արդյունքում 2025 թվականի օգոստոսի 1-ից կխնայվի մոտ 16 միլիոն դրամ, իսկ հաջորդող տարիներին՝ ավելի քան 40 միլիոն։ Միևնույն ժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգիսի միջնակարգ դպրոցը 2024 թվականին շահագործման հանձնված նոր շենք ունի, որը ապահովված է անհրաժեշտ գույքով, տեխնիկական միջոցներով, լոկալ ջեռուցմամբ, ապաստարանով, ֆոտովոլտային կայանով, բաց մարզադաշտով, ընդարձակ ընթերցասրահով և գրադարանով։ Դպրոցը նախատեսված է 144 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 39 աշակերտ։ Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 29։ Նախարարությունից հավելում են, որ նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի տեսքով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։