Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի. Նախագիծ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ:
«E-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման միջոցով շահառուների համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ ստեղծելու անհրաժեշությամբ:
2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ։
«Առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիս ամիսը ներառյալ»,- նշվում է նախագծում։ Որոշման իրագործմանը կուղղվի 12,6 մլն դրամ. «Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների համար կազմում է 12 մլն 600 հազար ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»,- ասված է նախագծում։