ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց հետ

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց հետ
Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ծրագրի խթանմանը նվիրված ֆորում:
Ֆորումի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն Պետական եկամուտների կոմիտեում ընդունել է Արևելյան գործընկերության երկրներից Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից Ուզբեկստանի մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալներին, Ղազախստանի և Մոլդովայի մաքսային ծառայությունների այլ պաշտոնատար անձանց: Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» ծրագրի ղեկավարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման, կայուն փոխգործակցության ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԼՏՕ-ների ծրագրի լիարժեք կիրառման մեխանիզմներին, այդ համատեքստում որպես խթանիչ գործոն և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված արդյունավետ գործիք` գործընկեր պետությունների հետ ԼՏՕ-ների փոխճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:
Քննարկվել են նաև ՀՀ-ում մաքսային լաբորատորիաների ներդրման նպատակների, մաքսային վարչարարության բարելավման և ապրանքների արագ ու անվտանգ հոսքերի ապահովման տեսանկյունից դրանց գործարկման առավելությունների, ինչպես նաև գործընկեր պետություններում դրանց գործարկման մեխանիզմների, ձևերի և կիրառվող մոդելների վերաբերյալ մի շարք հարցեր։