Արարատի մարզի մի քանի բնակավայրերում բացվեցին վերանորոգված և կահավորված ամբուլատորիաներ

Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում այսօր տեղի է ունեցել ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ամբուլատորիաների պաշտոնական բացումը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է
Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների հետ համագործակցությամբ։
Բացման պաշտոնական արարողություններին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Մասիս և Վեդի համայնքների ղեկավարներ Դավիթ Համբարձումյանն ու Գարիկ Սարգսյանը և այլք։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել է ներկաներին՝ գոհունակություն և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Արարատի մարզում այս և նմանատիպ այլ կարևոր ծրագրեր իրականացնելու համար։
Նշենք, որ ծրագիրը միտված է բարելավել այն համայնքների բժշկական ենթակառուցվածքները, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։
Ամբողջովին վերանորոգված և կահավորված նորաբաց ամբուլատորիաները հագեցած են նաև արևային էներգիայի համակարգով և լիովին հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։