2024–ին կապիտալ ծախսերի կատարողականը որոշակի վատթարացել է. Մարտին Գալստյան

Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը 2024 թվականին շարունակել է շեշտադրել կապիտալ ծախսերի ծավալների աճի ապահովումը, ինչպես նաև անհետաձգելի սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերը։
«Արդյունքում 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը աճել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի գծով՝ միևնույն ժամանակ ուղեկցվելով ծախսերի ծրագրավորվածի նկատմամբ թերի կատարման արդյունքներով։
Այսպես, 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16%-ով պայմանավորված, ընթացիկ ծախսերի 16.3 և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 12.8% աճերով։ Արդյունքում 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում աճել է և կազմել 29.2%, որտեղ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.3 տոկոսային կետով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 0.3 տոկոսային կետով։
Հատկանշական է, որ չնայած կապիտալ ներդրումների աճին, այն զիջել է, ինչպես նախորդ տարվա համար նախատեսված, այնպես էլ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախին և կազմել ՀՆԱ-ի 5.5%-ը։
Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի կատարողականը, որը վերջին տարիներին ուղեկցվում է ծրագրավորված ծավալների շարունակական ավելացմամբ 24 թվականին որոշակի վատթարացել է։ Այսպես կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրերի նկատմամբ կազմել է 84.7% նախորդ տարվա 95.8-ի համեմատ, իսկ պետական բյուջեի սկզբնական ծրագրի նկատմամբ կազմել է 78.5%։ Այս պարագայում հարկ է շեշտադրել, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական։
Ավելին, կապիտալ ծախսերի ցանկացած թերակատարում ռիսկ է ստեղծում միջնաժամկետ տնտեսության ներուժային աճի նպատակադրված ցուցանիշի ապահովման համար։ Արդյունքում տնտեսական աճի սպասվածի ցածր մակարդակի և համախառն պահանջարկի աստիճանական թուլացման պայմաններում 2024 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է չեզոքին մոտ փոքր ընդլայնող ազդեցություն»,–երեկ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։