Դ. Գալստյանին պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի, «Լեյա» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերությունները իրենց պատկանող 30 մլն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, որպես նվիրատվություն, փոխանցում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով: ՊՆ–ն նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:
Նշենք, որ «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ։
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանն անցնում է, այսպես ասած, անպիտան հրթիռների գործով։ Նա գործի շրջանակներում կալանավորվել էր, ավելի ուշ ազատ արձակվել՝ 40 միլիոն դրամ գրավի դիմաց։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: