«Madam Women’s Union». նոր հարթակ գործարար կանանց համար

«Madam Women’s Union». նոր հարթակ գործարար կանանց համար

«Brandon» մարքեթինգային և բրենդինգային ընկերության համահիմնադիր Տաթև Բեյբությանը  ստեղծել է գործարար կանանց միություն՝ «Madam Women’s Union»-ը:  Այն մեկ հարկի տակ համախմբել է իրենց ոլորտում կայացած, նպատակասլաց, հաստատակամ, առաջընթացի ձգտող կանանց, որոնք կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով, կդառնան միմյանց մոտիվացիայի ու բիզնեսի զարգացման աղբյուր:

Ակումբի նպատակներից մեկն է՝  նպաստել գործարար կանանց արդյունավետ համագործակցությանն ու հաղորդակցմանը: Տաթև Բեյբությանը վստահ է, որ տարբեր ոլորտներում կայացած կանանց միավորումն ու համագործակցությունը կբերի միայն դրական արդյունքի:

Ակումբի ստեղծման, առաջիկա ծրագրերի մասին EJC.am-ը զրուցել է ակումբի հիմնադրի հետ։

-Կպատմե ՞ք «Madam Women’s Union»- մասին, ինչպե՞ս  որոշեցիք նման միություն ստեղծել։

-Ավելի քան 10 տարի  «Brandon» մարկետինգային և բրենդինգային ընկերության,  որն այսօր շուկայում կայուն դիրք  է զբաղեցնում,  համահիմնադիրն եմ։ Մեր հաճախորդների շրջանում ավելացել էր կին ձեռներեցների թիվը. նրանք այն կանայք են, որոնք լուրջ դերակատարություն ունեն իրենց  բիզնեսներում։  Ինձ մոտ միտք առաջացավ  ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտա ստանալ միմյանց աջակցությունն ու գործակցությունը,  այդպես ստեղծվեց «Madam Women’s Union»-ը։

Բոլոր գործարար կանայք ունեն գրեթե նույն հարցերը բիզնեսում, կարծում եմ, որ մենք կկարողանանք միմյանց  հետ քննարկել և նպաստել այդ հարցերի լուծմանը՝ մեր գիտելիքներով, մեր փորձով։  

Բացի այդ, միությունն ունի նաև կրթական կոմպոնենտ։ Շատերը բիզնես  սկսել են զրոյից՝ հաճախ չտիրապետելով բիզնեսի գաղտնիքներին, և այդ մարդիկ ունեն որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան իրենց լուծումները։ Այս հարթակը նաև նրա համար է, որ տարբեր ոլորտներում բիզնես ունեցող կանայք կիսվեն իրենց փորձով, ինչի շնորհիվ անհրաժեշտ գիտելիքներ կստանան նաև միության մյուս անդամները։ Սա հրաշալի հնարավորություն է՝ մոտիվացնելու նաև այն կանանց, որոնք վախենում են առաջին քայլերը սկսել բիզնեսում:

IMG_9772.jpeg (245 KB)

-Այսինքն՝ Ակումբը նաև գործարար կանանց միավորելու նպատակ  ունի։ Արդյո ՞ք սա նաև սոցիալական նախաձեռնություն է։

-Այնքանով է սոցիալական նախաձեռնություն, որ ցանկանում ենք Հայաստանում ավելի շատ կանայք զբաղվեն բիզնեսով, և նրանք ներգրավված  լինեն ոչ թե փոքր ընկերություններում, այլ միջին և խոշոր։ Մեր հարթակում ընդգրկված են հենց միջին և խոշոր բիզնեսում գործունեություն ծավալող կին ղեկավարները և ուզում ենք այնպես անել, որ միջին ընկերություններն էլ ավելի զարգանան՝ միջինից դառնալով խոշոր, իսկ  խոշորն ավելացնի իր պոտենցիալը, արտադրության ծավալները։ Իրականում մենք ցանկանում ենք ակումբի միջոցով բիզնեսները զարգացնելու որոշակի մշակույթ ձևավորել, իսկ դրան պետք է հասնենք միասնական ուժերով։

-Ովքե ՞ր կարող են դառնալ միության անդամ, ներկայում քանի անդամ ունեք։

-«Madam Women’s Union»-ը թեև գործունեությունը սկսել է ընդամենը   2022 թվականի մայիսին, սակայն այսօր արդեն ունենք 40 անդամ։ Ակումբի անդամ կարող են դառնալ այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում առնվազն 3 տարի, ընկերությունում աշխատակիցների թիվը 5 և ավելի է, իսկ տարեկան շրջանառությունը պետք է լինի 50 մլն  ՀՀ դրամի չափով։

-Ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց միավորող մի շարք  ակումբներ կան, դուք ինչո ՞վ եք տարբերվելու, ո ՞րն է լինելու ձեր առավելությունը։

- Կոնկրետ միջին և խոշոր բիզնեսում գործունեություն ծավալող գործարար կանանց համար համապատասխան ակումբներ չկան, մենք առաջինն ենք։ Մեր նպատակն է  միավորել տնտեսության ամենատարբեր ոլորտներում նվաճումների հասած կանանց  և այնպես անել, որ նրանք դառնան կապող օղակ Հայաստանում և արտերկրում  գտնվող գործարար կանանց միջև։  Բացի այդ, այն պետք է լինի այնպիսի մի հարթակ,  որտեղ կանայք կսովորեն,  կկատարելագործեն իրենց գիտելիքները։

Այստեղ ներկայացվելու են իրական, փորձի վրա հիմնված բիզնեսներ, քննարկելու  ենք բազմաթիվ հարցեր, որոնք առկա են ոլորտում՝ ֆինանսներից մինչև մարքեթինգ, մարդկային ռեսուրսներից մինչև արտադրական գործընթացներ:

Նաև նախատեսում ենք ունենալ դասընթացներ, թե ինչպե՞ս կանայք կարողանան  համատեղել բիզնեսն ու ընտանիքը։ Կլինեն այցեր տարբեր ընկերություններ, կանայք կծանոթանան տարբեր բիզնեսների հետ։ Շատ կարևոր է նշել, որ հատուկ դասընթացներ կլինեն էթիկայի հետ կապված։ Յուրաքանչյուր գործարար պետք է իմանա վարվեցողության այն կանոնները, որոնք պետք կգան ամենատարբեր իրավիճակներում: Գործարար կյանքը նաև իր կանոններն է թելադրում  նաև հագուստի հարցում, այս հարցում ևս կօգնենք ակումբի կանանց։

-Այսօր հասարակությունն ի ՞նչ  կարող է ակնկալել  կին գործարարից։

-Կանայք և տղամարդիկ տարբեր ձև են մտածում, և այդ տարբեր մտքերի միավորումն օգնում է բիզնեսն առաջ տանել։ Իրականում, կանայք ավելի նախաձեռնող են,  ինչպես ընտանիքում են կարողանում ամեն ինչ հստակ կազմակերպել, այնպես էլ բիզնեսում։  Կանայք ունեն հատկանիշներ, որոնք  նպաստում են բիզնեսի զարգացմանը։

-Մայիսից ակումբը գործում է, աստիճանաբար ընդլայնվում է, արդյո ՞ք  անդամագրվելու համար կան սահմանափակումներ։

-Այո, կան համապատասխան կետեր, որոնց պետք է բավարարեն ընկերությունները։ Մենք բարձր նշաձող ենք սահմանել։ Բացի վերընշած պայմաններից, ակումբում  պետք է ընդգրկվեն այն գործարար կանայք, որոնք  ստեղծագործող են, արարող են  և, ամենակարևորը՝ պետք է լինի փոխադարձ հարգանք ու վստահություն միմյանց նկատմամբ։ Մեր թիրախում զբաղված կանայք են, որոնք իրենց գիտելիքներով  կկիսվեն և հակառակը՝ կստանան մյուսներից։  Նրանց բիզնեսը պետք է շահի   ակումբի հետ համագործակցությունից։

-Ըստ Ձեզ, ո ՞ր ոլորտներում են կանայք հաջողության հասնում։

-Ոլորտները տարբեր են՝ սկսած խմորեղենի, պաղպաղակի, գինու, շոկոլադի, տեքստիլի արտադրությունից,  սրճարանների, ռեստորանների կառավարում և այլն։ Կան ոլորտներ, որ թվում է կանայք դժվարություններ կունենան՝ հաշվապահական, վարկային  կազմակերպություններ, սակայն այդտեղ էլ են հաջողություններ գրանցում։

Տաթև Բեյբությանը նշեց նաև, որ  «Madam Women’s Union»-ի  կայացման հարցում  մեծ դեր ունի  «Brandon»-ի ստեղծագործ անձնակազմը, ովքեր ստեղծել են բրենդինգը, նորարար վեբ կայքը, որտեղ օրացույցով տեսնում  են բոլոր հանդիպումները և կարողանում են միանալ, իսկ սոցիալ-մեդիա մարքեթինգի թիմը լուսաբանում է ակումբի գործունեությունը։
Ակումբի լոգոն յուրահատուկ է և հիշվող։ Այն խորհրդանշում է գործարար  կանանց, ովքեր տարբեր են իրենց տեսակով, բնավորության գծերով, բայց ունեն նման ապրելակերպ և ակումբում համախմբված են մեկ գաղափարի շուրջ։