«ԱԲՐԻԿՈՍ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ

«ԱԲՐԻԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացավ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 149 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12 մլն դրամ:
«ԱԲՐԻԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը 2022-2024թթ.-ին ՀՀ Արագածոտնի մարզում հիմնել է 10 հա դեղձենու և ծիրանենու ինտենսիվ պտղատու այգի՝ տնկելով շուրջ 18,000 հատ ծառ։
Այգեհիմնումը կատարվել է արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ: Ներդրումային ծրագիրը այգեհիմնումից բացի ներառում է ժամանակակից գյուղտեխնիկայի պարկի կառուցում։ Ընկերությունը ցանկանում է հիմնել գյուղտեխնիկայի պարկ՝ տարածաշրջանում հիմնված և հիմնվող այգիներին ծառայություն մատուցելու նպատակով։Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 203 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 19 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։