Ամփոփվել են Սյունիք-ՕՌԱ բարեկամության շրջանակներում կատարված աշխատանքները

Մարզպետի աշխատակազմում հունիսի 4-ին ամփոփվեցին Սյունիք-ՕՌԱ բարեկամության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքը, Գորիսում կայացած համաժողովի արդյունքները, քննարկվեցին հետագա համատեղ անելիքները, ինչպես նաև անմիջական մասնակիցների հետ անդրադարձ եղավ երկու մարզերի միջև համագործակցության շրջանակներում արդեն կայացած՝ ուսանողների փոխանակման ծրագրին։
Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի վերջին կուրսի սյունեցի ուսանողներն իրենց ավարտական պարտադիր պրակտիկան անցկացրեցին Ֆրանսիայի ՕՌԱ ռեգիոնի՝ Սյունիքի համայնքների քույր քաղաքներում։ Նրանց առաջին խումբը՝ 8 սյունեցի ուսանող, վերջերս է վերադարձել Ֆրանսիայից։ Նրանք, շնորհակակություն հայտնելով նման հնարավորության համար, պատմեցին տպավորությունների ու այնտեղ սովորածի մասին՝ պարտավորությամբ՝ այդ ամենն օգտագործել ի նպաստ իրենց համայնքների ու մարզի զարգացման։
Ծրագիրը շարունակական կլինի Ֆրանսիական համալսարանի հաջորդ տարիների ավարտական կուրսերի ուսանողների համար։
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ՕՌԱ ռեգիոնին (որի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը ևս ներկա էր) ու ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանատանը (ներկա էր դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը), ՕՌԱ-ի համայնքների գործընկերներին՝ մինչ այժմ իրականացված աշխատանքի, Հայաստան-Ֆրանսիա համաժողովը Սյունիքում անցկացնելու և ուսանողներին ընդունելու համար։
Թիերի Կովաքսը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Ղուկասյանին, մարզպետի աշխատակազմին, Գորիս համայնքի ղեկավարին ու նրա աշխատակազմին՝ երկու երկրների ԱԳՆ-ներին ու դեսպանատներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ևս, որի ջանքերով Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։
«Այն առաջինն է Հայաստանում, ու սա նաև ապացույց է, որ Սյունիքն այն հիմնասյունն է, որի վրա հենված են հայ-ֆրանսիական հարաբերություններն այս պահին», - ասաց ՕՌԱ-ի փոխնախագահը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Սյունիքի համայնքների ներկայացուցիչները, որոնք այնուհետև իրենց ֆրանսիական քույր-քաղաքների հյուրերին ուղեկցեցին համայնքներ։
Իսկ ուսանողները, բացի այս ծրագրով մասնագիտական հմտությունների խորացման ու ֆրանսերենի բարելավման արդյունքից, պայմանավորվեցին շարունակել ՕՌԱ-ի ու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը, ստեղծել հարթակ ու ընդգրկելով համալսարանի մյուս սյունեցի ուսանողներին՝ գիտելիքներն օգտագործել հանուն Սյունիքի։