Բջնի եկեղեցին նորոգվել է, հարակից տարածքները բարեկարգվել

Բջնիի եկեղեցու վնասված պատը վերականգնված է։
«Մենք նաև լուծեցինք մի շատ կարևոր խնդիր. Բջնիի ամրոցը, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից է, դիմացը տներ էին կառուցել մի քանի բջնեցիներ, ընկույզի ծառեր տնկել, որն ամբողջությամբ փակում էր պարիսպները արտաքին տեսադաշտից, մենք գերակա շահի մասին որոշում կայացրեցինք։ Իհարկե, հեշտ չէին բնակիչների հետ քննարկումները, բանակցությունները, բայց ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ ինքան էլ դժվար էր, ինչ–որ ըմբռնման եկանք։ Չգիտեմ էլ՝ ինչքանով մեզնից գոհ մնացին։ Բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետեւ դա ժողովրդական կապիտալ է, հարստություն է, չէր կարելի այն ուղղակի ընկույզի ծառերի հետևում թաքցնել»,– կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։։
Նրա խոսքով, լուսավորության համակարգ է տեղադրվել՝ լուսավորելով Բջնիի ամրոցի պարիսպները։
«Երեկոյան ժամերին պարիսպները տեսանելի են բավականին հեռվից»,–ասաց նա։
«Մենք Հրազդան–Բջնի ավտոճանապարհն ենք հիմնանորոգել, որը Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է, ես օրինակ նախկինում երբեք այդ ճանապարհով չէի անցել, բայց երբ անցա, համոզվեցի, որ զբոսաշրջային հսկայական պոտենցիալով մի նոր տարածք ենք բացել և բացահայտել։
Դրանից հետո, այդ ճանապարհով գնալիս էր, երբ ես այցելեցի Բջնի եկեղեցի և տեսա, որ եկեղեցու պատը, ըստ էության, փլուզման շեմին է, որովհետև հենակներ էին դրված, որպեսզի պատը շուրջ չգա։ Հիշում եք կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեցին, կառավարությունը գումարը հատկացրեց և Բջնի եկեղեցու պատը հիմնանորոգվեց։
Հաջորդ գործողությունը հետևյալն էր, որ դեպի Բջնի ամրոց տանող ճանապարհը շատ վատ վիճակում էր, և ահա այս որոշմամբ մենք ապահովում ենք նաև Բջնի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը։
Այսքան մանրամասն պատմեցի մեր ներքին և ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու այս զբոսաշրջային շատ կարևոր ուղղության վրա, որովհետև իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու բան կա, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է»,– հայտարարեց վարչապետը։